Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել 
իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության հետ հետզհետե լավացող հարաբերությունները Հայաստանին տալիս են հնարավորություններ՝ փոխելու իր ռազմավարական վեկտորը և ի վերջո սկսելու աշխատել այն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ Հայաստանի շահերը համընկնում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«Եվրամիությունն արել է անհրաժեշտ քայլեր՝ ձևավորելով այն շրջանակը, որի ուղղությամբ շարժվելու համար Հայաստանն ունի իրական հնարավորություններ, բայց որոշումներն, ի վերջո, ընդունում են Հայաստանի իշխանությունները։ Եթե նրանք ցանկություն չունենան այդ ճանապարհով գնալ, ապա հասկանալի է, որ ոչ մի բան տեղից չի շարժվի»,- ասաց Արզումանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտանգության բաղադրիչը դիտարկելիս պետք է հասկանալ, որ այդ կառույցում տվյալ բաղադրիչը յուրահատուկ է։ ԵՄ-ն պատրաստ է ընձեռել հնարավոր միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը։ ԵՄ-ն ռազմական ալյանս չէ և չունի ռազմական ուժեր, որպեսզի ուղղակի օժանդակություն ցուցաբերի, պարզապես ունի հնարավորություններ այդ աջակցությունը ցուցաբերելու համապատասխան ֆոնդերի և գործիքների միջոցով։

«Պետք է հստակ գիտակցել և մեծ հույսեր չփայփայել, չունենալ այնպիսի սպասումներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ ԵՄ-ն խոստացել է օգնել և այդ առումով կատարում է իր խոստումը։ Կառույցի առանձին երկրների հետ մեր համագործակցությունն այլ հարց է, ինչի շնորհիվ մեր երկիրը կարողանում է հաստատել ավելի սերտ կապեր ԵՄ անդամ պետությունների հետ։ Թեև այդ երկրներն ունեն իրավունք նաև ուղղակիորեն աջակցելու Հայաստանին, այդուհանդերձ, երբ քայլերն ընդհանուր եվրոպական քաղաքականության, ռազմավարության ու Եվրախորհրդարանի բանաձևերի մեջ են, այդ դեպքում Հայաստանի  իշխանությունների համար ավելի հեշտ է աշխատել։ Դա միակ կոնստրուկտիվ ձևն է, որին կարող է հետևել մեր երկիրը»,- նշեց Արզումանյանը։

Գնահատելով Հայաստանի սահմաններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդների աշխատանքը՝ քաղաքագետն ընդգծեց, որ դա միջոցներից մեկն է, որի արդյունավետությունն արդեն իսկ կարողացել ենք գնահատել 2023-24 թվականներին։ Ըստ նրա՝ դիտորդների ներկայությունը թույլ է տալիս Հայաստանին ավելի արդյունավետ չեզոքացնել պոտենցիալ ագրեսիան, որին պատրաստվում է Ադրբեջանը, և առհասարակ սրացումներ եղել են սահմանի այն հատվածներում, որտեղ եվրադիտորդները կանգնած չեն եղել։ Արզումանյանի պնդմամբ՝ այդ առաքելությունն իսկապես այսօր շատ օգտակար է մեզ համար։    

«ՀՀ-ԵՄ սերտացող հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ ունենա հարաբերություններ՝ ուղղված առանձին արտաքին ուժային կենտրոնների կամ պետությունների դեմ։ Մեր երկիրը կանգնած է  պետական բոլոր մարմինների, ռազմական ու անվտանգային համակարգերի կերպարանափոխման անհրաժեշտության առջև, ուստի այդ վիճակում մտածել, թե Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ ալյանսներ՝ ուղղված մյուսների դեմ, տեղին չէ։ Դա ուժային կենտրոնների կողմից իրականացվող քարոզչության արդյունք է, որոնք դեմ են, որպեսզի Հայաստանն ունենա այլընտրանքային մոտեցումներ, թեև վերջինս այսօր ձգտում է դրան։ Հայաստանն ի վիճակի չէ միանալ այնպիսի պայմանագրերի, որոնք ուղղված են Իրանի, Թուրքիայի կամ մեկ այլ երկրի դեմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության հեռանկարին՝ Արզումանյանը շեշտեց, որ տվյալ ուղղությամբ Հայաստանի իշխանությունները բավարար աշխատանք չեն իրականացնում, այնինչ ժամանակն է մտածել, թե որ ուղղություններով հնարավոր կլինի ուղղորդել տնտեսական դիվերսիֆիկացիան։  

«Անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական կապերը ԵԱՏՄ-ի և հատկապես Ռուսաստանի հետ երեք անգամ ավելացել են։ Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե այլընտրանքային ինչ հնարավորություններ կարող են լինել եվրոպական տնտեսական ինտեգրացիայի ճանապարհին, և արևմտյան որ շուկաներում հայկական արտադրանքը կարող է որոշ չափով մրցունակ լինել։ Դա ենթադրում է բավականին մեծ աշխատանք։ Չի կարելի մտածել, որ երբ ԵՄ-ն հայտարարի, թե բացում է իր շուկաները Հայաստանի առջև, միանգամից մեզանում կլինեն զգալի փոփոխություններ։ Մենք պետք է մեր տնտեսությունը նախապատրաստենք, անհրաժեշտ է գործարարներին նույնպես նախապատրաստել այլ աշխատելաոճի՝ սեփական չափորոշիչները համապատասխանեցնելով եվրոպական բարձր ու դժվար ստանդարտներին։ ԵՄ-ն միայն հնարավորություններ է ընձեռելու մեզ, սակայն աշխատանքների 95 տոկոսը կապված է լինելու մեր իշխանությունների, գործարարների ու տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Պետք չէ սպասել, թե վաղը կստորագրվի մի պայմանագիր, որով Հայաստանում կձևավորվի նոր տնտեսություն»,- նշեց քաղաքագետը։

Արզումանյանը խոսեց նաև Հայաստանի ու ԵՄ երկրների միջև վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ հավելելով, որ Եվրամիությունն ընդունել է որոշում, որով հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի Հայաստանը շրջադարձ կատարի դեպի եվրոպական միություն։ Քաղաքագետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում վիզաների ազատականացման գործընթացը կդյուրացվի։ Ի վերջո հնարավոր է հասնել նաև այն կետին, որ Հայաստանի պարագայում նույնպես վիզային ռեժիմը դառնա ոչ անհրաժեշտ ընթացակարգ։ Մեր զրուցակիցն այդ հնարավորությունը գնահատեց իրական, այլ ոչ թե ֆանտաստիկ։ Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ցուցաբերեն եվրոպական երկիր դառնալու կամք, իսկ հասարակությունն իր հերթին ցուցաբերի եվրոպական քաղաքակրթությունն ու մշակույթը վերականգնելու անկեղծ պատրաստակամություն, այդժամ ԵՄ-ն մեզ անպայման կօգնի, առավել ևս, որ մենք այդ ուղղությամբ ունենք շատ լավ հնարավորություններ։    

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]