Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ 
առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավիճակն ընդհանուր առմամբ վերլուծելիս՝ գլխավոր խնդիրն այն է, որ իրականում ոչ թե Հայաստանն է գնացել դեպի Արևմուտք, այլ հավաքական Արևմուտքն է 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն՝ անադրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտնգության բաղադրիչն ամենակարևորն է, որովհետև շատ են խոսում հենց այդ մասին։ Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ այս պատմական փուլում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթանում է բավականին սուր հակամարտություն՝ վերածվելով պատերազմի, նախկին բալանսավորման քաղաքականությունն այլևս չի աշխատում, և մենք պետք է կողմնորոշվենք։ Որքան էլ ցավալի լինի, Հայաստանը նաև հեռանկարի առումով պետք է կատարի չափազանց կարևոր ընտրություն՝ լինելով կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի կողմում»,- ասաց Տեր-Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ մյուս խնդիրն այն է, թե նշված ընտրության դիմաց հայկական կողմն ինչ է պահանջում։ Նրա խոսքով՝ Արևմուտքի հետ հարաբերությունները զարգանում են, բայց այնպիսի տպավորություն է, որ մեր կողմից հստակ չի հնչում, թե ինչ սպասումներ ունենք, այսինքն՝ համապատասխան խնդիրներ ու պահանջներ չեն դրվում։

«Արևմուտքն ասում է, որ պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի խնդրահարույց պրոբլեմները լուծվեն, սակայն մեր կողմից կոնկրետ խնդիրներ չեն դրվում, թե դրա դիմաց ինչ ենք ստանալու և ինչպես ենք իրականում պահելու մեր անվտանգությունը։ Պետք է լինի այն գիտակցությունը, որ նույնիսկ Արևմուտքի աջակցության պայմաններում մենք ինքներս պետք է սեփական ուժերով լուծենք մեր անվտանգության հարցը, քանզի ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի կռվելու մեզ համար։ Ցավոք այս գիտակցությունն այնքան էլ արմատավորված չէ մեզանում։ Վտանգները հենց այստեղ են։ Եթե չլինի այդ գիտակցումը, ապա համագործակցությունը մի օր պարզապես կփլուզվի, և նորից կասեն, թե հույսներս դրեցինք Արևմուտքի վրա, սակայն ոչինչ չստացվեց։ Այսինքն՝ Արևմուտքի հետ անհրաժեշտ է խոսել, այլ ոչ թե ընդունել որպես պոլիտբյուրո»,- պարզաբանեց քաղաքագետը։

Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի սահմանին եվրադիտորդների տեղակայումը կամ մեր երկրին սպառազինության մատակարարումն անվտանգության հարցում օժանդակ միջոցներ են։

«Անշուշտ, դա լավ է, սակայն մենք պետք է նախապես որոշենք, թե ինչ մոդելի բանակ ենք ունենալու, ինչ մարտավարությամբ է այն կռվելու, մոտալուտ հնարավոր ռազմական գործողություններն ինչ բնույթ են կրելու։ Այս ամենը հստակեցնելուց հետո նոր կարելի է որոշել, թե մեզ կոնկրետ ինչ սպառազինություն է անհրաժեշտ։ Եթե չլինի այն հստակ գիտակցումը, որ անկախ մեզ տրամադրվող օժանդակությունից՝ մեր խնդիրները լուծելու ենք սեփական ուժերով, և կռվողը նախևառաջ լինեու ենք մենք, ապա այդ ամենը կմնա օդում կախված։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Եվրոպան ամեն դեպքում ինքնուրույն անվտանգային գործոն չէ և իր համապարփակ անվտանգությունը կապում է ԱՄՆ-ի հետ։ Ադրբեջանն իր հաշվարկն ամենայն հավանականութամբ անում է՝ ելնելով Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Նախորդ երեք տարիներին մենք ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին կարողացել ենք պահպանել փոքրիշատե տանելի վիճակ, բայց դա անվերջ ու անսպառ ռեսուրս չէ, առավել ևս, որ մեր հակառակորդն անընդհատ սպասում է միջազգային իրադրության ապակայունացմանը, որպեսզի հարմար պահի ուժային ճանապարհով փորձի լուծել իր խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։          

Քաղաքագետի բնութագրմամբ՝ Արևմուտքի քաղաքականությունն ուղղված է ոչ թե կոնկրետ Հայաստանին, այլ իրենց պատկերացմամբ՝ տարածաշրջանային խնդիրները լուծելուն, ինչպես որ վարվում է Ռուսաստանը։ Արևմուտքում պատկերացնում են, որ ի վերջո Ադրբեջանին նույնպես պետք է համոզեն, որ ստեղծված նոր իրավիճակում նա էլ անցնի իրենց կողմը։ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ դա այս պահին այնքան էլ իրատեսական չէ, և հենց այստեղ է հիմնական վտանգը, քանի որ Արևմուտքը մեզ ներկայացնում է խաղաղության օրակարգ, բայց դա կլինի անօգուտ, եթե Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և նրա վրա ազդեցություն գործելու լծակներ չլինեն։

«Շատ լավ կլիներ, որ Հայաստանը դուրս մնար Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունից, սակայն երկու կողմերն էլ պարտադրելու են մեզ լինել այս կամ այն կողմում։ Նման իրավիճակում Հայաստանը պետք է որոշի, թե ինչն է բխում իր շահերից։ Դիվերսիֆիկացիայի տեղ այլևս չի մնացել, անհրաժեշտ է կատարել հստակ ընտրություն։ Սովորաբար, խոսում են բուրգի վերևի մասին՝ մոռանալով, որ ինքնիշխանության հարցն իր հիմքում ունի բոլորովին այլ խնդիրներ։ Նախ, պաշտպանության հարցը, հետո նոր՝ տնտեսությունը։ Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք խնդիրները լուծելի են, թե ոչ, ինչ ժամկետներում են լուծելի, ինչ գործիքներով, հետո նոր կարելի է խոսել ամենավերին դեկլարատիվ բաղադրիչի մասին»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]