Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն 
անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների միջև հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, այն դեպքում, երբ երկու պատվիրակություններն էլ տարբեր ուղղություններով վարեցին բանակցություններ այլ գործընկերների հետ, ուստի այդ ակնհայտ ու վիզուալ դետալն անգամ խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ, ինչին նպաստել են որոշակի գործոններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին և Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ Մոսկվան ակնկալում է Երևանից հստակեցում տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ում փոխադարձության սկզբունքով պայմանավորվածությունների կատարման և այդ կառույցներում Հայաստանի հետագա մասնակցության հարցում։

«Անթալիայում ՌԴ արտգործնախարարի խոսքում կար հստակ անդրադարձ կովկասյան թեմատիկային և հատկապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր դրույթներին՝ առանձին շեշտադրումներով։ Խոսքը վերաբերում էր հատկապես ՀՀ-ի ու ՌԴ-ի և Ռուսաստանի նախաձեռնած համագործակցային տարբեր ձևաչափերի համատեքստում հետագա փոխգործակցությանը։ Անդրադարձ կար նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակին, ինչի առթիվ հնչեցին տարբեր ուղերձներ, որոնք պետք է դիտարկել երկու մակարդակում։ Առաջինն ավելի շատ քարոզչական հարթությունում է, որի նպատակն առկա լարվածության հետ կապված լայն քաղաքական և փորձագիտական բանավեճի հրահրումն է, որպեսզի երկու երկրներում սկսեն քննարկումներ, թե արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ՌԴ-ի հետ կապված բոլոր ձևաչափերում Հայաստանի մասնակցության վերանայումը»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երկրորդ մակարդակը բնականաբար Ռուսաստան-Արևմուտք դիմակայության համատեքստում է։ Այն դեպքում, երբ ՌԴ-ն գոնե ուկրաինական ճակատում շարունակական հաջողություններ է արձանագրում և նախագահական ընտրություններից առաջ ցույց է տալիս բազմաշերտ ձեռքբերումներ, հանկարծ նրա թիկունքում ամենահավատարիմ ու կարևոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են մնալ լարված, ընդ որում՝ կարծես Արևմուտքը հաջողում է Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունները թուլացնելու իր ռազմավարական, քաղաքական ուղեծրում։

«Լավրովի ուղերձի համաձայն՝ ՌԴ-ն այլևս ձեռքերը ծալած չի սպասելու, որպեսզի պաշտոնական Երևանն անընդհատ քննադատի Ռուսաստանի հետ կապված ձևաչափերում համագործակցությունը, ռուսական կողմի դերակատարումը և Արևմուտքն էլ դրա հետ կապված որոշակի հաղթաթղթեր ստանա։ Բայց կա նաև բովանդակային գործոնը, ինչն արդեն կարող է հստակ ուղերձ պարունակել, որ եթե շարունակվելու է նման վարքագիծը, ապա Ռուսաստանը պատրաստ է ամբողջությամբ քննարկել երկկողմ տարաբնույթ հարաբերությունների ձևաչափերը։ Ռուսական կողմի համար այլևս անընդունելի է, որ Հայաստանը բոյկոտի կամ սառեցնի հարաբերությունները՝ վնասելով Ռուսաստանին։ Առաջին ուղղությունը ՀԱՊԿ-ի հետ խնդրահարույց կապերն են, իսկ երկրորդ ուղղությունն ընդգրկում է տնտեսական փոխգործակցությունը։ Պետք է քննարկել հարաբերությունները, առավել ևս, որ որոշակի վերջնագրային ենթատեքստով ուղերձ է հղվում Հայաստանին»,-նշեց վերլուծաբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը կոնկրետ ինչ ռիսկեր կարող է պարունակել, Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանի վրա ռուսական կողմից ճնշում գործադրելու ամենաազդեցիկ գործիքակազմը տնտեսական դաշտում է։   

«Նախկինում եղած անվտանգային գործիքները, ինչպես օրինակ Արցախյան հիմնախնդրի համատեքստում և հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՌԴ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերակատարումը, ինչպես նաև պարտավորությունների ստանձնումը Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության տեսքով, այլևս չեն աշխատում։ Մնացել է միայն կարևոր տնտեսական գործիքը, որը պետք է դիտարկել բավականին լայն համատեքստում՝ հաշվի առնելով հայ-ռուսական առևտրաշրջանառությունը, ՌԴ-ում հայկական համայնքի դերակատարումը և արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների արտոնությունների ու սեփականության պահպանման հարցը։ Սրանք գործոններ են, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից»,-ասաց մեր զրուցակիցը։

Պետրոսյանը չբացառեց, որ ռուսաստանահայերը նույնիսկ կարող են ներքաշվել այդ նպատակով հրահրված ազգամիջյան բախումների մեջ, ինչն առաջ կբերի անվտանգության լուրջ խնդիր։ Բացի դրանից, երկկողմ առևտրաշրջանառությունը կարող է նվազել ՌԴ-ի կողմից տնտեսական հարաբերությունները վերանայելու արդյունքում, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի արտահանման ու ներկրման առումով։ Այդ դեպքում հայ տնտեսվարողները կարող են ունենալ նաև շուկայի կորուստ, ինչն ուղիղ կերպով կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Մյուսն, ըստ Պետրոսյանի, էներգետիկ ոլորտն է, որտեղ ՀՀ-ն դարձյալ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ կապված գազի մատակարարումների, ատոմակայանի ու էլեկտրական ցանցերի շահագործման հետ։ Այդ ուղղություններով Մոսկվան կարող է ցանկացած պահի ձեռնարկել հակազդող քայլեր։

«Այդուհանդերձ Ռուսաստանի խնդիրը Հայաստանը կորցնելը չէ։ Մոսկվայի ցանկացած գործողություն պետք է ենթադրի ՀՀ-ում և Հայաստանի միջոցով նաև տարածաշրջանում սեփական ներկայության ապահովում։ Եթե լինեն պատժամիջոցներ, ապա դրանք կփաթեթավորվեն ոչ թե՛ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, այլ իշխանությունների ու կառավարության վարած քաղաքականության դեմ։ Պակաս կարևոր չէ նաև այն թեզը, որ եթե ելնում ենք Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու ելակետից, ապա չի բացառվում ռուսական կողմի նախաձեռնությամբ երկկողմ բանակցությունների ընթացքում շահեկան առաջարկների ներկայացումը Հայաստանին, որոնք կարող են ազդել պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքական ուղեգծի վրա։ Ճիշտ է, նախկինում ռուսական կողմը որոշ հարցերում թերացել է, բայցևայնպես, դրական օրակարգի ներմուծումը չպետք է բացառել։ Սկզբունքային է լինելու այն, որ ՌԴ-ն ձգտելու է այլևս թույլ չտալ լճացած ու խնդրահարույց իրավիճակի պահպանում»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։ 

Պետրոսյանի խոսքով՝ կամ Մոսկվան կգնա ՀՀ-ի հետ հարաբերությունները վերանայելու ճանապարհով, կամ էլ կփորձի կյանքի կոչել դրանց կարգավորման օրակարգը։ Թե ո՞ր ուղղությամբ կընթանան զարգացումները, կախված կլինի քննարկումների արդյունքներից, որոնց վրա անշուշտ կազդեն ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակը, այնպես էլ ՌԴ-ի հնարավորությունները, որովհետև ցանկացած երաշխիքի ետևում, ըստ Պետրոսյանի, պետք է գնահատել իրականացման հնարավորությունը։                   

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]