Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամաբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն ՀՀ սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Փաստենք առաջնայինը. հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերևս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տևական ժամանակ չէր համաձայնում սրան:

Հաջորդը , որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա:

Կրկին, փաստենք, որ այս կետը ևս գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում արձանագրել:

Այսպիսով, ինչ է սա տալու Հայաստանին հարցը ունի անառարկելի դրական պատասխան. սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ:

Եվ վերջում, թերևս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով:

Ձևակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]