Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան

Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն 
հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությանը։

«Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։

Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»,- գրել է Եղոյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]