Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՖՄԿ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՖՄԿ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանում 
ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 17-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը և ֆրանսերենի ուսուցմանը:

Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանին է վստահել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը, որը, ըստ նախարարի, շատ կարևոր ու պատասխանատու հանձնառություն է Հայաստանի համար:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող միջոցառումների կազմակերպումից բացի, պետք է նաև էապես բարելավենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված հատկապես Հայաստանում ֆրանսերենի մակարդակի բարձրացմանը և բարելավմանը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավելացել են ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները. այս պահին ծրագրում ներառված է 18 դպրոց: Համագործակցության խորացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆրանսիական կողմի աջակցությունը դասագրքերի և ուսումնական նյութերի ստեղծման ուղղությամբ՝ հատկապես հանրակրթական պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Էմմանուել Սանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի ակտիվ դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներին ու արժեքներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Էմմանուել Սանսոնը նշել է, որ CREFECO-ն պատրաստակամ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև աջակցել ուսումնական նյութերի ստեղծման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով հարաբերությունների խորացման և ֆրանսերենի զարգացմանն ուղղված համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]