Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Երեմյան Ակադեմիայի» գործունեությամբ մենք փոխեցինք մոտեցում և կարծրատիպեր. Աիդա Տիգրանյան

«Երեմյան Ակադեմիայի» գործունեությամբ մենք փոխեցինք մոտեցում և 
կարծրատիպեր. Աիդա Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտել ու կրթել տաղանդների, որոնք կլինեն հայկական մշակույթի և խոհարարության ավանդույթների դեսպաններն ամբողջ աշխարհում. այս առաքելությամբ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականին հիմնեց «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան», որն այս տարի նշում է 5-ամյակը:  «Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ ամփոփել են Ակադեմիայի գործունեության  5 տարին: 

- Եթե փորձենք նկարագրել խոհարարության ոլորտը հինգ տարի առաջ և այսօր, ապա ի՞նչ փոփոխություններ են եղել, ի՞նչ կար, և ի՞նչ ունենք այսօր:

- 5 տարի առաջ մեր երկրում խոհարարի մասնագիտությունն ուղղակի այլընտրանք էր նրանց համար, ովքեր չգիտեին ինչով զբաղվել: Այսօր կարող եմ վստահաբար փաստել, որ խոհարարությունը շատերի համար դարձել է երազանքի մասնագիտություն, և այդ գործում «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» ունի իր նշանակալի ներդրումը:

«Երեմյան Ակադեմիայի» գործունեությամբ մենք կարծրատիպեր և մոտեցում փոխեցինք ոչ միայն խոհարարի, այլև առհասարակ բոլոր այն մասնագիտությունների մասին, որոնք անհրաժեշտ են ռեստորանային բիզնեսում արդյունավետ գործելու և հաջողելու համար: 

«Երեմյան Ակադեմիայում» սովորելը ոլորտի մասնագետների համար դարձել է մրցակցային առավելություն: 5 տարի առաջ «Երեմյան Ակադեմիան»  ստեղծվեց՝ ամբողջ աշխարհում հայկական խոհանոցի դեսպաններ կրթելու առաքելությամբ և տեսլականով: Այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ արտերկրում հայկական խոհանոցն ու հայ խոհարարները միանգամայն այլ տեսանկյունից են քննարկվում: Մեր ուսանողներն ու խոհարարներն իրենց գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ապացուցում են, որ Հայաստանում կա մի հաստատություն, որտեղ տրամադրում են ամբողջական գիտելիք, պատրաստում մրցունակ ու գիտակ մասնագետներ:

Ժամանակի ընթացքում փոխվեցին նաև գործատուների մոտեցումները: Գաղտնիք չէ, որ ընկերությունների հաջողության հիմքում փորձառու ու գիտակ մասնագետներն են, և գործատուները գիտակցեցին, որ ունենում են միանգամայն այլ արդյունքներ, երբ իրենց աշխատակիցները վերապատրաստում են անցնում մեզ մոտ:

Ակադեմիան գործարկելիս մենք միանգամից բարձր նշաձող սահմանեցինք՝ համագործակցելով Մեծ Բրիտանիայի Activate Learning Group, City of Oxford քոլեջի հետ, որի կողմից էլ հաստատվում են մեր ուսումնական ծրագրերը: Այս տարի Ակադեմիան վերահավաստագրվեց, ինչը նշանակում է, որ մենք բարձր մակարդակով պահում և ապահովում ենք չափանիշները: Սա մեր այս տարիների աշխատանքի արդյունքն ու լավագույն գնահատականն է:

- Ի՞նչ նշանակալի իրադարձություններ, միջոցառումներ են եղել 5 տարվա ընթացքում:

- Գիտակցելով, որ Ակադեմիան նպատակ ունի կրթել մասնագետներ մրցունակ նաև միջազգային մակարդակում, մենք միջազգային կառույցների հետ համագործակցությունները մեր ռազմավարության կարևոր մաս ենք համարում: Այդ համագործակցությունները մեկնարկում ու դառնում են շարունակական, որովհետև ունենում ենք երկուստեք արդյունավետ ու հետաքրքիր փորձառություն: Նախորդ տարի, օրինակ, Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում հյուրընկալել էինք Իտալիայի Անսել Քեյսի անվան խոհարարության բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորների և ուսանողների: Ի դեպ՝ սա Իտալացի գործընկերների հետ արդեն երկրորդ համագործակցությունն էր։ Պետք է շեշտեմ, որ պրոֆեսորները, որոնք դասավանդում են բարձրագույն ուսումնական հաստատությունում, ավելի քան տպավորված էին Ակադեմիայով, մեր ուսանողների գիտելիքներով ու կարողություններով, մեր ծրագրերով ու ընձեռած հնարավորություններով: Լինելով ոչ ֆորմալ կրթության կենտրոն՝ մենք կարողանում ենք այնպիսի կրթություն տրամադրել և մասնագետներ պատրաստել, որոնք օրինակելի են արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար: Համագործակցել ենք նաև ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Քուվեյթի, Արգենտինայի դեսպանատների, միջազգային այլ խոշոր կառույցների հետ:

Նման համագործակցությունների արդյունքում է նաև, որ այսօր առաջարկ  ունենք եվրոպական ուսումնական հաստատություններից, որպեսզի մեր ուսանողները հյուրընկալվեն այնտեղ՝ փորձի և գիտելիքների փոխանակման ծրագրի մասնակցելու: Իհարկե, ակտիվորեն աշխատում ենք նաև տեղի կազմակերպությունների հետ, ոչ միայն խոհարարության, այլև ռեստորանային գործի տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում, որոնց մեծ մասն ուղղված է մարզային զարգացմանը:

Այս տարիների ընթացքում հասցրել ենք խոշոր հեռուստաշոուի երկու եթերաշրջան անցկացնել՝ «Թեժ խոհանոցը», որը կրկին ուղղված է խոհարարի մասնագիտության հեղինակության բարձրացմանը: Մեզ համար նոր ուղղություն էր նման նախագծում ներգրավված լինելը, բայց մենք պատվով ընդունեցինք ու հաղթահարեցինք այդ մարտահրավերը: Առաջին եթերաշրջանից հետո մեզ անընդհատ հարցնում էին, դիմում ու անհամբեր սպասում երկրորդ եթերաշրջանին, հիմա արդեն անհամբեր սպասում են երրորդին (ծիծաղում է.,-խմբ):

- Խոսենք թվերով. որքա՞ն շրջանավարտ, քանի՞ ծրագիր ու համագործակցություն եք ունեցել 5 տարվա ընթացքում:

- 2019 թվականին մեկնարկել ենք 4 հիմնական ծրագրով, այսօր արդեն ունենք 56-ը՝ ռեստորանային ոլորտի բոլոր մասնագիտություններով բարելավված և վերանայված ծրագրեր, փորձի փոխանակման ծրագրեր արտերկրից ժամանած խոհարարական դպրոցների ուսանողների և դասախոսական անձնակազմի համար, հատուկ մշակված ծրագրեր՝ ուղղված մարզային, տուրիզմի և սպասարկման ոլորտների զարգացմանը, անհատ ձեռնարկատիրության, ինչպես նաև կանանց կարողությունների հզորացմանը,  խոցելի խմբերին և այլն, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով ծրագրեր: Տարեցտարի ծրագրերի ավելացմանը զուգահեռ նաև զարգացրել ու արդիականացրել ենք Ակադեմիայի տեխնիկական հատվածը, հզորացրել ենք խոհանոցը, ձեռք ենք բերել նորագույն անհրաժեշտ տեխնոլոգիաներ, ինչը մեծ նշանակություն ունի գիտելիքներն ամրապնդելու գործում:

5 տարվա ընթացքում 1600-ից ավելի շրջանավարտ ենք ունեցել. սա տպավորիչ արդյունք է: Շրջանավարտների 90%-ը ոլորտում գործող մասնագետներ են: Մարզերից՝ հյուրատներ, հյուրանոցներ, ռեստորաններ և սպասարկման այլ օբյեկտներ սպասարկողները, և արտերկրից՝ շեֆերը, սուշեֆերը, խոհարարներն ու հրուշակագործները ընդհանուր շրջանավարտների 52%-ն են կազմում: 

Ինչպես նշեցի՝ շրջանավարտների մեծ մասի համար խոհարարությունը երազանքի մասնագիտություն է, բազմաթիվ շրջանավարտներ ունենք, ովքեր երկար տարիներ աշխատել են իրենց մասնագիտությամբ, եղել են կայացած մասնագետներ, բայց մտքում միշտ ունենալով խոհարարությունը՝  մի օր պարզապես թողել են ամեն ինչ ու եկել «Երեմյան Ակադեմիա»: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ ունենք պատկառելի տարիքով մարդիկ, ովքեր անսպառ էներգիայով, մեծագույն էնտուզիազմով ու սիրով հաճախում են դասերին, դրանով իսկ ավելի ոգեշնչում բոլորիս:

5 տարվա ընթացքում համագործակցել ենք 30-ից ավելի տեղական ու միջազգային ընկերությունների հետ, ձևավորել գործընկերային ամուր հարաբերություններ ու փոխվստահություն: Վերջերս հյուրընկալեցինք հայտնի Institut Lyfe ֆրանսիական դպրոցի (նախկինում՝ Institut Paul Bocuse) ներկայացուցիչներին, որոնք տպավորված էին թե՛ մեր ծրագրերով և թե՛ Ակադեմիայի հագեցվածությամբ:

Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում ևս մի շարք նախաձեռնություններ ենք ունեցել: Նպատակ ունենալով նաև բացահայտել տաղանդներին՝  «Երեմյան Փրոջեքթսը» աջակցում է այն երիտասարդներին, ում համար խոհարարությունը երազանք է, սակայն ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեն ուսանելու Ակադեմիայում: Նրանց համար հատուկ անվճար դասընթացներ ենք ունեցել: Մեր շրջանավարտների 13%-ն անվճար ծրագրի շրջանակում է սովորել, նրանցից շատերն անմիջապես աշխատանքով են ապահովվել, մեծ մասն աշխատանքի առաջարկություն են ստացել: Եվ, իհարկե, Արցախի մեր հայրենակիցների համար անվճար դասեր ենք կազմակերպել, և մինչ օրս շարունակում ենք այդ նախաձեռնությունը:

- Կարող եք առանձնացնել հինգ ձեռքբերում, որն ունեցել եք հինգ տարվա ընթացքում:

- Բարդ է տարանջատել, սակայն կնշեմ հիմնականները. խոհարարի մասնագիտության հեղինակության բարձրացում, մեր ուսանողները, ովքեր բարձր են պահում մեր պատիվը Հայաստանում և Հայաստանից դուրս, մեր գործընկերները, մեր ծրագրերը, ընձեռած հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները, որը փոխանցում ենք, և հայկական խոհանոցի մշակույթի ճանաչելիության բարձրացումը, որն ի սկզբանե մեր նպատակն էր:

Վստահ եմ, որ այս ձեռքբերումները բազմապատկվելու են, այդ ուղղությամբ մեր ամբողջ թիմը շարունակելու է աշխատել նույնքան եռանդով ու նվիրվածությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]