Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իրանցի հատուկ ջոկատայինները իսրայելցի գործարարին պատկանող բեռնանավ են գրավել

Իրանցի հատուկ ջոկատայինները իսրայելցի գործարարին պատկանող բեռնանավ 
են գրավել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «SNSF» ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները Հորմուզի նեղուցում գրավել են «MCS Aries» կոնտեյներային նավը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՌՆԱ գործակալությունը հայտնում է, որ այն նավարկում էր Պորտուգալիայի դրոշի ներքո և կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group ընկերության հետ։

Իրանի ռազմածովային ուժերում գործակալության աղբյուրը հայտնել է, որ նավը տեղափոխվում է այդ երկրի տարածքային ջրեր։

ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում գրանցված միջադեպի մասին առաջինը հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրական տեղափոխումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO): Այդ կառույցը խորհուրդ է տվել զգուշություն ցուցաբերել և հայտնել միջադեպի տարածքում ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

Associated Press-ը պարզաբանել է՝ MSC Aries նավը կապ ունի բրիտանական Zodiac Maritime ընկերության հետ, որը 23.9 միլիարդ դոլար կարողություն ունեցող իսրայելցի մեծահարուստ Էյալ Օֆերին պատկանող Zodiac Group ընկերության մասն է կազմում։ Նշվում է, որ ապրիլի 12-ին MSC Aries-ը նկատվել է Դուբայի մոտ, նավը շարժվում էր դեպի Հորմուզի նեղուց։ Ավելի ուշ անձնակազմն անջատել է նավի ընթացքին հետևելու տվյալները, ինչը տարածված պրակտիկա է Իսրայելին առնչվող նավերի համար՝ տարածաշրջանում շարժվելիս։

2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակումից հետո վերջինիս զինուժի՝ Գազայի հատվածում ձեռնարկած պատասխան ցամաքային գործողությունից հետո Իրանը բազմիցս է իր աջակցությունը հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը: Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը նոր աստիճանի է հասել այս տարվա ապրիլի 1-ին իսրայելցիների կողմից Դամասկոսին հասցրած ավիահարվածից հետո, որի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ զինվորներ:

Թեհրանում հայտնել են, որ իսրայելցիները հարվածել են Սիրիայում Իրանի հյուպատոսությանը, սակայն Իսրայելը չի հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ իր թիրախը եղել է հարևան շենքը։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան գործողությունների իրավունքի մասին։ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտարարել է Իսրայելի վրա իրանական խոշոր հարձակման ձեռնարկման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]