Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայերեն երգող ռուանդացի փոքրիկները հուսով են մի օր այցելել Հայաստան. բացառիկ մանրամասներ Morioxkids խմբի հիմնադիրներից

Հայերեն երգող ռուանդացի փոքրիկները հուսով են մի օր այցելել Հայաստան. 
բացառիկ մանրամասներ Morioxkids խմբի հիմնադիրներից

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը: Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում և «գերված սրտերի» մասին հազարավոր մեկնաբանություններ հեղեղում համացանցը:

«Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,-«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը:

Նրանք նշում են, որ տարբեր երկրներից օրեցօր ավելացող հետևորդների թիվը նրանց ոգեշնչում է՝ ձգտել ավելիին, ամեն օր սեր ու ուրախություն պարգևել ավելի շատ մարդկանց: Նրանք երջանկանում են՝ հետադարձ նամակներ, գովեստի խոսքեր ստանալով՝ ձգտելով իրենց հոբբին վերածել մասնագիտության՝ երաժշտության, դերասանության և սպորտի միջոցով հանգանակություններ ներգրավել՝ առաջնային կարիքների համար:

Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը պարզաբանում են՝ հիմնադրամի նպատակներն են օգնել աղքատ ընտանիքների երեխաներին կապ հաստատել աշխարհի հետ: «Մեր հիմնական նշանակետը կրթությունն է. մենք ցանկանում ենք տեսնել այս երեխաներին լավ դպրոցներում, ունենալով հովանավորներ, ովքեր հոգ են տանում նրանց մասին, որպեսզի պարը, երգը և այլ զբաղմունքները ոչ միայն հաճույք պատճառեն, այլ նաև դարձնեն նրանց կյանքը ավելի լավը: Ցանկանում ենք, որ մի օր մենք ունենանք մեր դպրոցը (Moriox դպրոց), որը օգնի ավելի շատ տաղանդավոր երեխաների»,-ընդգծում են նրանք:

Հիմնադրամի անվանումը ևս նրանց համար խորհուրդ ունի: Հիմնադիրները հայ հետևորդների համար ներկայացրել են, թե ինչ է այն նշանակում.

M-ը (mighty)` հզոր, ձեր ներքին ուժն է,

O-ն (objective)` օբյեկտիվ, միշտ անաչառ,

R-ն (rich)` հարստություն, այլոց սիրո մեջ,

I-ը (intellect)` ինտելեկտ, գիտելիքի նկատմամբ ձգտումը,

O-ն (openness)՝ անկեղծություն, այն թարմացնող է,

X-ը՝ մարդու առեղծվածային կողմը:

«Հայերեն երգերը հաճելի են, շատ ռիթմիկ, որը մղում է ավելի ու ավելի սիրել դրանք: Իսկ հայերի կողմից մեր նկատմամբ ջերմությունն ու սերը ստիպեցին զգալ, որ Հայաստանը մեր տունն է: Հայ արտիստները միշտ ոգևորվում են՝ տեսնելով մեր պարերը իրենց երգերի ներքո։ Մենք չենք կարող համապատասխան խոսքերով բնորոշել այն սերը, որ ունենք հայկական երաժշտության հանդեպ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան սեր ստացանք Հայաստանից, որը մեզ թևեր է տալիս, մղում շարունակելու լինել ավելի լավը: Մենք սիրում ենք Հայաստանը, հուսով ենք, որ մի օր հնարավորություն կունենանք այցելելու երկիր և հանդիպելու հայ ժողովրդին»,-խմբի երեխաների ցանկությունն են փոխանցում հիմնադիրները:

Հիմնադրամը Morioxkids անվանումով էջեր ունի Instagram-ում՝ 105 հազար հետևորդով, youtube-ում՝ 132 հազար, facebook-ում` 10 հազար, tiktok-ում՝ 65 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]