Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Որոնք էին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության պատճառները․ մանրամասնում է թուրք պրոֆեսորը

Որոնք էին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության 
պարտության պատճառները․ մանրամասնում է թուրք պրոֆեսորը

ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, հատկապես դրա ղեկավար ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կյանքի ամենածանր պարտությունն է, որն ըստ Բիլգի Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, դոկտոր Օմեր Թուրանի, դեռ 2019 թվականին է սկսվել։

Թուրանի խոսքով՝ ընդդիմության կարեւոր հաղթանակի հիմնական պատճառներից մեկն էլ Էրդողանի պետություն-կուսակցություն միաձուլման քաղաքականությունն ու ավտորիտար միտումներն էին, որոնց հասարակությունը դեմ դուրս եկավ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում պրոֆեսոր Թուրանն անդրադարձել է Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում  «Ժողովրդահանրապետական» կուսակցության հաղթանակի կարեւորությանը եւ այն հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ Թուրքիայի քաղաքական դաշտում։

 

-Այս ՏԻՄ ընտրությունները, հավանաբար, Էրդողանի քաղաքական կյանքում ամենածանր պարտությունն են։ Ո՞րն էր այս ընտրությունների առանձնահատկությունը եւ ինչի՞ մասին է վկայում ընդդիմության նման հաղթանակը գրեթե 22 տարի անց։

-Պետք է հետեւյալն ասել․ Էրդողանը 2019 թվականին պարտություն կրեց՝ կորցնելով Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները, եւ իրականում վերջին 5 տարիներին պատրաստվում էր նորից հաղթել այդ քաղաքներում։ Բայց արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանն ու իր կուսակցությունը չեն կարողացել այս երկու քաղաքներում հաղթական ռազմավարություն մշակել։ Նրանք չկարողացան գտնել թեկնածու, որը կարող էր հաղթել։ Տարբերությունը հատկապես մեծ էր Անկարայում, սակայն տարբերությունը փոքր չէ նաեւ Ստամբուլում։ Սա չափազանց կրիտիկական փուլ է եւ, իհարկե, վերջին ՏԻՄ ընտրությունները մեկնաբանելիս՝ անհրաժեշտ է հետեւյալն ընդգծել. այո՛, «Ժողովրդաահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)  հաղթեց Անկարայում եւ Ստամբուլում, ինչպես 2019-ին, բայց ավելի կարեւոր է, որ այն դարձավ առաջին հորիզոնականում գտնվող կուսակցությունը Թուրքիայում։ Այլ կերպ ասած՝ ԺՀԿ-ն ստացել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տրված ձայների շուրջ 38%-ը։ Մյուս կողմից՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) դարձավ երկրորդ կուսակցությունը՝ ստանալով ձայների 35,49%-ը։ Հետեւաբար, մենք տեսնում ենք, որ ԱԶԿ-ն 2002 թվականի նոյեմբերի ընտրություններից հետո առաջին անգամ դարձավ երկրորդ կուսակցությունը։ Սա, իհարկե, համընկնում է Թուրքիայի քաղաքական կյանքում կարեւոր շրջադարձի հետ։ Շատ հավանական է, որ 2028-ին կայանալիք նախագահական ընտրություններում Էքրեմ Իմամօղլուն (խմբ․ Ստամբուլի վերընտրված քաղաքապետն է՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից) ընդդիմադիր թեկնածուն լինի, իսկ ընդդիմությունն այդ ընտրություններին կգնա այս ՏԻՄ ընտրություններում ձեռք բերած տրամադրությամբ ու ինքնավստահությամբ։ Շուրջ 38% ձայները ցույց են տալիս, որ ԺՀԿ-ն հաղթել է Անատոլիայի (խմբ․ նկատի ունի Թուրքիայի ներքին/կենտրոնին մոտ գտնվող շրջանները) շատ քաղաքներում, որտեղ երկար ժամանակ կուսակցությունն ուժեղ չէր: Նրանք հաղթեցին այն քաղաքներում, որտեղ ավելի պահպանողական մարդիկ են ապրում։ Սա չափազանց կարեւոր զարգացում է։

-Չնայած Էրդողանը հայտարարեց, որ այս ընտրություններն իր համար վերջինն են, այդուամենայնիվ, նա պարտություն կրեց բազմաթիվ քաղաքներում, որտեղ ակնկալվում էր նրա կուսակցության հաղթանակը։ Որտե՞ղ եք տեսնում նման պարտության հիմնական պատճառը կամ պատճառները, եւ արդյոք սա ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) կոալիցիայի անկո՞ւմն է, թե՞ միայն ԱԶԿ-ի փլուզման սկիզբը։

-Կարող ենք խոսել մի քանի պատճառների մասին. շատ տվյալներ չունենք, բայց առկա տվյալները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ի մոտ 5,000,000 ընտրող չի գնացել քվեարկության։ Թուրքիայի քաղաքական դիտորդները ներկայումս փորձում են վերլուծել դրա պատճառները: Կարեւոր հավանականություններից եւ հնարավոր պատճառներից մեկն իրականում թոշակառուների վիճակն է։ Թոշակառուները գոհ չեն իրենց թոշակի չափերից։ Հատկապես տնտեսական այնպիսի միջավայրում, որտեղ գնաճը բարձր է, ամենաշատը տուժում են ֆիքսված եկամուտ ունեցողները, իսկ թոշակառուներն արդար չեն համարում իրենց տրված կենսաթոշակի չափը։ Ըստ երեւույթին, այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ ԱԶԿ-ի ընտրողների մի զգալի մասը չի գնացել քվեարկության։ Սրանից բացի, պետք է նշել եւս մի քանի պատճառ։ Մոտավորապես 2015 թվականից ի վեր՝ ԱԶԿ-ի կառավարման ոճում առաջին պլան է մղվել կուսակցությունն ու պետությունը նույնականացնելու միտումը։ Կուսակցություն-պետություն այս միաձուլումը ծայրաստիճան ոչ ժողովրդավարական է, որովհետեւ դա պատճառ է դառնում, որ պետական ծառայողների մեծամասնությունը լինի կուսակցական: Դա հանգեցնում է դատական ​​իշխանության անկախության վերացմանը։ Սակայն այս միաձուլման միտումն այլ ազդեցություն էլ ունի քաղաքականության վրա։  Փաստորեն, կուսակցությունը թուլանում է, կորցնում իր քաղաքական ոգեւորությունը։ Կուսակցության ներսում ոչինչ չնախաձեռնող մարդիկ դառնում են ղեկավար։ Առաջին պլան է մղվում բյուրոկրատական ​​տրամաբանությունը։ ԱԶԿ-ի կուսակցական ղեկավարների զգալի մասը հանրությանն անհայտ են: Մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ որոշիչ են նախագահական համակարգը եւ նախագահական պալատի բյուրոկրատների դերը։ Սրա արդյունքում ԱԶԿ-ն չի կարողանում առաջ քաշել տարբեր քաղաքական գործիչների, տարբեր խոսնակների եւ այլ մարդկանց, ովքեր կփայլեն հանրության աչքում։ Կուսակցությունը պետության հետ ինտեգրելու գործընթացում կուսակցության համար դժվարանում է տեղում աչքի ընկնող դեմքերի գտնելը։ 2023-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում դա խնդիր չառաջացրեց, քանի որ Էրդողանը պայքարեց ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ եւ հաղթեց իր խարիզմայի եւ առաջնորդական հմտությունների շնորհիվ։ Բայց այս անգամ ՏԻՄ ընտրությունների դինամիկան այլ էր. ԱԶԿ-ն բոլոր քաղաքներում էրդողանի ղեկավարության վրա կենտրոնացած քարոզարշավ է իրականացրել, սակայն, ինչպես տեսնում ենք, այս քարոզարշավի պլանը այդքան էլ չաշխատեց: ԺՀԿ-ի թեկնածուները հաջողության են հասել Էրդողանի աջակցությամբ ընտրողներին ներկայացվող ԱԶԿ-ի թույլ թեկնածուների դեմ։

 

-Սա կարո՞ղ է նշանակել, որ կուսակցությունը կամաց-կամաց լուծարվում է, թե՞ դա չափազանցված հայտարարություն կլինի։

-Մի քիչ վաղ է դա ասելու համար: Բայց կարելի է ասել, որ կուսակցությունը տուժել է կուսակցություն-պետություն ինտեգրման քաղաքականության հետեւանքով։

 

-Բոլորը կենտրոնանում են միայն ԺՀԿ-ի հաղթանակի վրա, սակայն կարեւոր են նաեւ այն ձայները, որոնք ստացան կամ չստացան մյուս կուսակցությունները։ Ինչպե՞ս կբնութագրեք Թուրքիայի ներկայիս քաղաքական դաշտը:

-Միանգամայն ճիշտ եք։ Իհարկե, պետք է ասել, որ այստեղ ամենամեծ գլխագիրն այն է, որ ԱԶԿ-ն հետ է մնացել ԺՀԿ-ից։ Սա ինքնին չափազանց կրիտիկական ​​բան է։ Իրականում սա նշանակում է, որ քաղաքականությունը Թուրքիայում մոտակա ժամանակահատվածում կվերաձեւավորվի, եւ այստեղ պետք է շեշտել երկու կետ. Դրանցից առաջինն, իհարկե, այն է, որ ԱԶԿ-ն չի կարողացել տնտեսական ճգնաժամի պայմաններում իր ընտրողներին բավարարող լուծում առաջարկել: Երկրորդ գործոնն այն է, որ ԺՀԿ-ն իրականում իր ձայները 25%-ից հասցրեց շուրջ 38%-ի: Սա պետք է դիտարկել նաեւ որպես կուսակցության նախորդ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ջանքերի արդյունք` զարգացնելու այնպիսի լեզու, որը կարող է գրավել պահպանողական եւ աջակողմյան ընտրողներին: ԺՀԿ-ի նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն տեսավ, որ իր կուսակցությունը չի կարող բարձրանալ 30-35%-ի մակարդակին՝ առանց ԱԶԿ-ին քննադատող պահպանողականներին ԺՀԿ-ի մեջ ներգրավելու։ Եվ նա մշակեց  հաշտեցման (Helalleşme) քաղաքականությունը, որը ներառում էր քրդերին: Այս մոտեցումը ներառում էր պահպանողականներին  եւ հասարակության տուժած հատվածներին: Այս կոչով Քըլըչդարօղլուն ընդունում էր կրոնապաշտների եւ քրդերի դժգոհությունները, խոսում էր առերեսման անհրաժեշտության մասին եւ դրանով իսկ փորձում ամրապնդել ազգայնական եւ պահպանողական հատվածների հետ դաշինք կազմելու իր մտադրությունը։ ԺՀԿ-ն ներկայումս առաջ է ընթանում քաղաքական առաջնորդների հետ, ովքեր կարող են երկխոսություն հաստատել պահպանողական կենսակերպ ունեցող մարդկանց հետ, հատկապես Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում եւ Մանսուր Յավաշը Անկարայում։ Սա չափազանց կրիտիկական կետ է։

Վերադառնալով ձեր հարցին՝ այստեղ պետք է առանձնացնել մի քանի բան։ Նախ, «Բարեկեցություն» կուսակցությունը՝ քաղաքական դաշտի արմատական ​​իսլամիստական ​​կուսակցություններից մեկը, դարձավ երրորդ կուսակցությունը, թեեւ ձայների ցածր տոկոսով (նրանք ստացել են ձայների 6,19%-ը)։ Չնայած «Բարեկեցություն» կուսակցությունը ԱԶԿ-ի դաշնակիցն է՝ տեղական ընտրություններից առաջ այն ընդունել էր ԱԶԿ-ին հակադրվող դիսկուրս: Օրինակ, «Բարեկեցություն» կուսակցությունը քննադատում է ԱԶԿ-ին Իսրայելի հետ շարունակվող առեւտրային հարաբերությունների առնչությամբ: Պետք է չափազանց ուշադիր հետեւել այս կուսակցության զարգացմանը։ Որպես երկրորդ կարեւոր կետ՝ պետք է հաշվի առնենք հետեւյալը. ԺՀԿ-ն 2023 թվականի նախագահական ընտրություններին գնաց «Լավ» կուսակցության հետ միասին։ Նրանք դաշինք էին կազմել։ 2024 թվականին «Լավ» կուսակցությունը նախընտրեց ԺՀԿ-ի հետ  դաշինք չկազմել եւ ստացավ շատ ցածր ձայներ։ Հետեւաբար, նկատում ենք քաղաքական այնպիսի սպեկտրի ի հայտ գալը, որտեղ ԺՀԿ-ն առանց դաշինքի կարող է պայքարել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ: ԺՀԿ-ի հաջողությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե կուսակցությունների հետ է դաշինքի գնացել, այլ գնացել է մասսայական դաշինքի, այսինքն՝ ընտրողների հետ։

 

-Շատ փորձագետներ, այդ թվում՝ Հայաստանում, պնդում են, որ ընտրությունների արդյունքներով թուրք հասարակությունն իրականում «ոչ» է ասել  իսլամիստներին։ Բայց Դուք ասում եք, որ «Բարեկեցություն» կուսակցությունը երրորդն է, իսկ այն  արմատական ​​իսլամիստական ​​կուսակցություն է... Սա նշանակո՞ւմ է, որ Թուրքիայի հասարակությունը հատուկ «ոչ» չի ասել իսլամիստներին, եւ պատկերն իրականում ավելի բարդ է։

-Այո, ինչպես Դուք նկարագրեցիք, հարցը մի քիչ բարդ է։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը այն կուսակցությունը չէ, որին կարելի է բնութագրել միայն որպես իսլամիստական, եւ «Բարեկեցություն» կուսակցությունն է իրականում, որ իրեն դիրքավորում է որպես հիմնական իսլամիստական ​​կուսակցություն: Հետեւաբար, ընտրողների զգալի մասը, հատկապես Ստամբուլում եւ Անկարայում,  ընտրել է ԺՀԿ-ին, քանի որ նրանք դեմ են ԱԶԿ-ի հակաժողովրդավարական գործելակերպին: Փաստորեն, ԺՀԿ-ն այս երկու քաղաքներում եւ համընդհանուր ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել, քան ԱԶԿ-ն։ Կարծում եմ, որ սա կարելի է համարել նաեւ որպես հակազդեցություն ԱԶԿ-ի ավտորիտար միտումներին։ Այստեղ պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ ԺՀԿ-ի ներսում կան քաղաքապետեր, որոնք լիովին չեն ընդունում ժողովրդավարական հեռանկարը, ինչպիսիք են Բոլուի եւ Աֆիոնի քաղաքապետերը, բայց երբ նայում ենք ԺՀԿ-ին ընդհանուր առմամբ, տեսնում ենք մի կուսակցություն, որը կողմ է ժողովրդավարական քաղաքականությանը՝ անկախ նրանից, թե նոր ղեկավարը Օզգյուր Օզելն է, թե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Այն, որ ընտրողները սատարեցին այս քաղաքականությանը, նույնպես չափազանց կարեւոր կետ է:

 

-Այո, ընդդիմությունը կարծեք թե վայելում է իր հաղթանակը, բայց խելամիտ չի՞ լինի այս հաղթանակը փխրուն, խոցելի համարել։

-Իրականում, Օզգյուր Օզելը (խմբ․ - ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար) ընտրություններից անմիջապես հետո հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Ես այս իրավիճակը տեսնում եմ որպես մեզ տրված վարկ»։

Այո, կուսակցությունը իր ձայները 25%-ից հասցրել է շուրջ 38%-ի, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք ընտրողների այս աջակցությունը մշտական ​​կլինի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ այստեղ ընթացքը որոշելու են տարբեր գործոններ։ Նախ՝ ԱԶԿ-ի տնտեսական ցուցանիշները 2024-2028 թվականներին: Կկարողանա՞ արդյոք ԱԶԿ-ն սահմանափակել տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Սա չափազանց կարեւոր է։ Երկրորդ, ԺՀԿ-ն այժմ ունի ավելի շատ համայնքներ, քան ունեցել է շատ երկար ժամանակ: Պետք է նայել այս համայնքների ղեկավարների՝ մարդկանց համոզելու կարողություններին։ Այս համայնքներում հաջողությունները որոշ իմաստով դրականորեն կարտացոլվեն համընդհանուր ընտրություններում՝ հօգուտ ԺՀԿ-ի վարկանիշի: Հետեւաբար, այս հաջողությունը, իհարկե, փխրուն է։ Այսինքն, ԺՀԿ-ն այդպիսի հաջողության չէր սպասում, չէր սպասում, որ ձայների այդքան բարձր ցուցանիշ կունենա, չէր սպասում, որ կհաղթի այդքան համայնքներում։ Սա կարող է ստեղծել կոորդինացման տարբեր դժվարություններ կուսակցության ներսում: Բայց պետք է սպասել եւ տեսնել, թե դրանք ինչպես կհաղթահարվեն։  

 

-Այս ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան ոչ մահմեդական փոքրամասնությունների եւ հատկապես հայ համայնքի վրա։

-Ինչպես գիտեք, հայ համայնքը ներկայում Ստամբուլից դուրս այլ քաղաքներում շատ փոքր է։ Հետեւաբար, հայ համայնքն ապրում է հիմնականում Ստամբուլում, եւ նրանք 2019 թվականից արդեն կապեր են ունեցել Էքրեմ Իմամօղլուի հետ, իսկ այն թաղամասերում, որտեղ նրանք ապրում են, արդեն կային ԺՀԿ-ի կողմից ղեկավարվող կառավարիչներ։ Ուստի, չի կարելի ասել, որ հայ հասարակության համար նոր իրավիճակ է ստեղծվել։ Եթե ​​այս ընդդիմության ընդհանուր հաջողությունը Թուրքիայում ժողովրդավարացման ավելի արդյունավետ ալիք ստեղծի, ապա դա, իհարկե, դրական կլինի թուրքահայ համայնքի համար։ Կարճաժամկետ հեռանկարում հսկայական փոփոխություն չեմ ակնկալում, բայց ընդհանուր մակրո մակարդակով Թուրքիայի ժողովրդավարացումը, իհարկե, ավելի շատ շնչելու տեղ կստեղծի նաեւ Թուրքիայի հայ համայնքի համար։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]