Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր 
Արևելքում․ արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Հայկ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ գալիս է մի շրջան, որտեղ հութիները Մերձավոր Արևելքում վերածվում են կարևոր և ազդեցիկ ուժի։

Արաբագետը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Մոհամմադ Աբդուլսալամի նախազգուշացմանը, ըստ որի՝ Իսրայելի հետ կապված նավերը, որոնք անցնում են Հնդկական օվկիանոսով, նույնպես կդառնան իրենց գրոհների թիրախներ, հետևաբար Իսրայելի հետ կապված նավագնացային ընկերությունները պետք է լրջորեն վերաբերվեն Հնդկական օվկիանոսում հութիների հարձակումներին և հասկանան, որ Իսրայելի հետ կապված յուրաքանչյուր նավ ենթակա է հրթիռակոծման։

«Հնդկական օվկիանոսն այդքան էլ հեռու չէ Կարմիր ծովից։ Հնարավորությունների ու զինատեսակների առումով հութիները ձեռք են բերել նոր սպառազինություն և կարող են թիրախներ ընտրել ավելի մեծ հեռավորությունների վրա։ Նրանք արդեն իսկ ունեին անօդաչու թռչող սարքեր և հիմա դրանց գումարվել են հեռու տարածությունների վրա գտնվող թիրախներ խոցող հրթիռներ։ Պետք է հասկանալ, որ գործ ունենք ռազմական նոր իրականության ու տեխնոլոգիաների հետ, որոնք օգտագործվում են հիբրիդային պատերազմներում՝ հեշտացնելով ոչ այդքան մեծ բյուջե ունեցող պրոքսի ուժերի գործողությունները։ Հութիներն արդեն հասանելիություն ունեն նոր տեխնոլոգիաներին՝ միջնորդավորված կամ երրորդ երկրների կողմից իրենց տրամադրված»,- ասաց Քոչարյանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ հութիներին հաջողվել է ստեղծվել մի իրավիճակ, երբ Կարմիր ծովում, Ադենի ծոցում և հարակից ջրերում միջազգային նավարկությունն իսկապես դարձել է բավականին վտանգավոր։ Հութիները շարքից հանում են նաև այդ տարածաշրջանում գտնվող ենթակառուցվածքները, և վերջին գրոհների ժամանակ վնասվեցին նաև հաղորդակցության մալուխները։

«Եթե հիմա մեծանում են թիրախավորման հեռավորությունները և հութիները փորձում են վերահսկողության տակ պահել ամբողջ Հնդկական օվկիանոսը, բնական է, որ զուգահեռաբար կմեծանա միջազգային հակազդեցությունը։ Կարմիր ծովում էլ նրանց դեմ գործում է կոալիցիա, սակայն խնդիրն այն է, որ ներկայիս տեխնոլոգիաների կիրառումն ու տարբեր խմբերի մարտավարությունը վկայում են այն մասին, որ պրոքսի փոքր խմբերը կարողանում են գործել ավելի օպերատիվ, քան մեկ դաշինքի մեջ միավորված պետությունները, որոնց համատեղ ջանքերի ներդրման արդյունքում իրավիճակն այդքան էլ չի փոխվում, և նրանք գործուն մեխանիզմներ դեռ չեն գտել»,- նշեց մեր զրուցակիցը։

Քոչարյանի կարծիքով ՝ ցանցային պայքարի պարագայում պրոքսի ուժերը երբեմն գործում են անկախ, բայցևայնպես, ենթարկվում են մի կենտրոնի ու կառավարվում նույն տեղից։ Մերձավորարևելյան զարգացումներում առկա են այդ երկու հարթությունները, այսինքն՝ մի իրավիճակում տեսնում  ենք, որ տեղի է ունենում ինքնուրույն խաղ, հութիները կայացնում են ինքնուրույն որոշումներ, ինչպես ՀԱՄԱՍ-ը կամ «Հըզբոլլահ»-ը, բայց մյուս կողմից նրանք ունեն հարաբերվելու տարբեր ալգորիթմներ տարատեսակ ցանցերում ներգրավված ուժերի հետ։

«Հութիների կառույցը փաստացի միակ ուժն է, որը նախաձեռնում է կոնկրետ ռազմական գործողություններ՝ պաղեստինյան շահերը պաշտպանելու նպատակով, ինչը փոխում է նրանց կարգավիճակը։ Նրանք մեկ օրում ստեղծված ուժ չեն ներկայացնում, առնվազն վերջին քսան տարիներին ակտիվ ռազմական պայքարի մեջ են իրենց իրավունքների, շահերի համար, տեսել են տարբեր երկրների կոալիցիաներ, որոնք հարձակվել են իրենց վրա, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Կարմիր ծովում և առհասարակ Մերձավոր Արևելքում, առանձնապես լուրջ վնաս չի հասցնում հութիներին։ Մերձավորարևելյան տարածաշրջանում պրոքսի պատերազմներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն և հնարավոր է, որ հիմնախնդիրները տեսանելի լինեն արդեն աշխարհի մասշտաբով, որովհետև պաղեաստինա-արաբա-իսրայելական հակամարտությունն ունի ճյուղեր, որոնք արդեն դուրս են եկել տարածաշրջանային հետաքրքրությունների շրջանակից։ Պրոքսի ուժերի պայքարը արդեն վերածվել է ցանցային պատերազմների»,- եզրափակեց արաբագետը։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, պաղեստինաիսրայելական հակամարտության բռնկումից հետո հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]