Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բացառիկ կինոհանճարը. Արտավազդ Փելեշյանը տոնում է տարեդարձը

Բացառիկ կինոհանճարը. Արտավազդ Փելեշյանը տոնում է տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված, գնահատված կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, նրա տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է հեղինակավոր կինոինստիտուտներում, իսկ ժողովրդական սերը չի լքում նրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փելեշյանը, որի «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» և այլ յուրահատուկ կինոնկարները հնարավորություն են տալիս բոլորովին այլ հայացքով նայել կյանքին, աշխարհին, փետրվարի 22-ին տոնում է ծննդյան  86-ամյակը:

Ռեժիսորը, որին պարբերաբար հնարավոր է տեսնել Երևանի փողոցներում, մշակութային տարբեր միջոցառումների ընթացքում, չի սիրում հարցազրույցներ տալ, սակայն ելույթներից երբեմն չի հրաժարվում: Ամիսներ առաջ կինոռեժիսորը որոշ դրվագներ պատմեց իր կյանքից:

MXO_8595.jpg (664 KB)

Ներկայացնում ենք նրա հիշողությունները:

«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի, որ զրուցեմ Փարաջանովի հետ: Երկար զրուցեցինք, շատ հարցեր քննարկեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք ավելի քան մեկ ժամ և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եղավ: Փոստի աշխատակցուհին էր, ասաց, որ չի կարող վճար վերցնել, քանի որ իմ և Փարաջանովի զրույցի պես բան կյանքում չի լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ և հաջորդ օրը եկավ հյուրանոց, որտեղ հանդիպեցինք: Մի առիթով էլ ասաց՝ եթե ցանկանամ զանգել արտերկիր,  նա անվճար խոսելու հնարավորություն կտա: Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»,-պատմել էր Փելեշյանը:

000.jpg (88 KB)

Լուսանկարը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Մի առիթով էլ ռեժիսորը գնացքով մեկնում է Մոսկվա: «Ուղեկցորդն ինձ ցույց տվեց իմ տեղը, հետո մոտեցավ ու հարցրեց արդյոք նարդի պե՞տք է, ասացի՝ ոչ, հետո կրկին եկավ ու հարցրեց՝ շախմատ պե՞տք է, հետո ծածկոց առաջարկեց:  Այդ ընթացքում  դուրս էի գալիս միջանցք ծխելու և ուղեկցորդն այնքան ուշադիր էր իմ հանդեպ, որ իմ կողքով անցնող մարդկանց խնդրում էր չաղմկել: Այդպես հասա Մոսկվա»,-հիշել էր նա:

Ուղևորության ավարտին ուղեկցորդն ու իր ընկերը, որը պարզվել է՝ ԱԱԾ-ում լուրջ պաշտոն է զբաղեցրել, ամբողջ ընթացքում փորձել են հասկանալ, թե որտեղ են տեսել Փելեշյանին:

«Դուք մեր կյանքը կերաք, վերջապես հիշեցինք, որ Ձեզ տեսել ենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում»,-Փելեշյանին հաջողություն մաղթելիս ասել են նրանք:

MXO_8654.jpg (573 KB)

Արտավազդ Փելեշյանն ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2021 թվականի նոյեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59) տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան, իսկ 2022-ին նրա ֆիլմը ցուցադրվել է նաև Հայաստանում:

«Բնությունը» Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

«...Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է...»,-նշել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոթֆրի Ռեջջոն:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]