Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ նախագահությունը. նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում

Ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ նախագահությունը. նախանշվել է մի շարք կարևոր 
ուղղություններով աշխատանքների իրականացում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2024 թվականից ընդունել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը, նախագահության շրջանակում  նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում, տարվա ընթացքում նիստեր ու կարևոր բանակցային գործընթացներ են սպասվում Հայաստանում: ԵԱՏՄ նախագահությունը երկրին թույլ կտա էլ ավելի օպերատիվ կերպով բարձրացնել միության շրջանակում Հայաստանի համար ի հայտ եկած խնդիրները, խոչընդոտները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց ԵԱՏՄ նախագահության տարում սպասվող անելիքներն ու նախագահության ընձեռած հնարավորությունները:

«Մեր նախագահությունը շատ պատասխանատու ժամանակահատվածում ենք ստանձնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 10-ամյակը: Այս ընթացքում արձանագրվել են նշանակալի արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով, սակայն դեռևս առկա են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ վերջացնել միասնական տնտեսական տարածքի ձևավորման աշխատանքները: Ուստի, ժամանակն է շատ ավելի հեռուն գնացող ռազմավարական փաստաթղթերի մշակման համար»,-ասաց Մովսիսյանը:

Այսպիսով, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները նախորդ տարի ստորագրել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիր, որը ձևակերպում է ԵԱՏՄ-ի զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այն սահմանում է 2030-2045 թթ. ռազմավարական և մարտավարական գործողությունները, այսինքն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները, որոնք պետք է իրականացվեն:

«Այս հռչակագրի հիման վրա մենք արդեն մեկնարկել ենք գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները: Յուրաքանչյուր երկիր և հանձնաժողովը համատեղ մշակում են այն միջոցառումները, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են և՛ ԵԱՏՄ շրջանակում գործընթացների ակտիվացման, առկա խոչընդոտների, խնդիրների լուծման, և՛ երրորդ երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Հայաստանի նախագահության շրջանակներում նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում: Թիրախային հիմնական ուղղությունները տարեսկզբին հնչեցվել են Հայաստանի վարչապետի ուղերձում:

Պաշտոնյան առանձնացրեց վարչապետի ուղերձի կարևորագույն շեշտադրումները, թիրախային ուղղությունները: Այսպիսով, վարչապետի ուղերձով նախանշվել է էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, պարենային անվտանգության ապահովումը, ինչը ենթադրում է առևտրաշրջանառության աճ, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտների զարգացում: Մովսիսյանն ընդգծեց՝ սա հատկապես կարևորվում է Հայաստանի տեսանկյունից՝ հաշվի առնելով երկրի բարդ լոգիստիկ իրավիճակը: Վարչապետի ուղերձում այս գործընթացը կապվում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ:

Վարչապետի տարեսկզբի ուղերձում նախանշվել է նաև մաքսային կարգավորումների կատարելագործումը, ինչը պետք է տնտեսավարողներին թույլ տա միության մի անդամ պետությունից մյուսը տեղաշարժվելիս հնարավորինս քիչ զբաղված լինել այլ գործընթացներով: Նախանշվել է նաև փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների վերացումը, թվայնացման կարևորությունը, այսինքն՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի մասով աշխատանքների իրականացումը, վերանայումը, ազգային արժույթով գործարքների մասնաբաժնի ավելացումը փոխադարձ առևտրում, ԵԱՏՄ-ի արտաքին կապերի աշխարհագրության ընդլայնումը: Այս տեսանկյունից կարևորվել է Իրանի հետ արդեն իսկ կնքված մշտական համաձայնագրի գործարկումը, Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ավարտը և համաձայնագրերի կնքումը:

Մովսիսյանը հավելեց, որ ընթանում են նաև ԵԱՏՄ-ի և  Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք այս տարի նախատեսվում է ակտիվացնել: Իսկ Չինաստանի, Վիետնամի, Սերբիայի և Սինգապուրի հետ արդեն կան կնքված ազատ առևտրի համաձայնագրեր, կան համատեղ կոմիտեներ: Կնքված համաձայնագրերի հիման վրա նախատեսվում է առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացում:

«Այս ուղերձում նախանշվել են 16 հիմնական խնդիրներ, դրանց լուծման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվել է գործողությունների ծրագիր: 16 խնդիրները բաժանվել են 57 միջոցառումների, որոնք պետք է լուծվեն 2024-2026թթ ընթացքում: Հետո այդ հաշվետվությունը ներկայացվում է երկրի ղեկավարին»,-ասաց Մովսիսյանը:

Նա նշեց՝ ԵԱՏՄ նախագահությունը նշանակում է, որ մի շարք կարևոր միջոցառումներ իրականացվելու են Հայաստանի Հանրապետությունում: Բարձրագույն խորհրդի առաջին նիստը, այնուամենայնիվ, նախատեսվում է անցկացնել մայիսին Ռուսաստանում՝ պայմանավորված պայմանագրի կնքման 10-ամյակի միջոցառման անցկացումով: Բարձրագույն խորհրդի մյուս նիստը նախատեսվում է դեկտեմբերին: Այս տարի Հայաստանում են անցկացվելու խոշոր բանակցային գործընթացները: Օրինակ՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ բանակցային հերթական գործընթացը մարտի 18-20-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Հայաստանում:

Ինչ վերաբերում է միջկառավարական խորհրդի նիստերին, ապա դրանք սովորաբար անցկացվում են տարին 2 կամ 3 անգամ: Հաջորդը, հավանաբար, կանցկացվի աշնանը Հայաստանում: Ամեն տարի իրականացվում է Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս տարի քննարկվում է այս մասշտաբային միջոցառումը ևս Հայաստանում անցկացնելու հարցը:

Նախարարության պաշտոնյան համոզված է, որ ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին ավելի շատ ներկայացվածություն կտա: «Որքան ավելի շատ միջոցառումներ իրականացվեն մեզ մոտ, այնքան ավելի ներկայացվածություն, ավելի շատ բիզնես կապեր կլինեն: Մենք կկարողանանք մեր բիզնեսին ավելի լավ ներկայացնել՝ տարատեսակ ցուցահանդեսների միջոցով, Հայաստան բերել տարբեր գործարարների՝ հաստատելու գործարար կապեր»,-նշեց Մովսիսյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանն այսօր ներկայացված է երկու նախարարներով, որոնք, նրա վստահեցմամբ՝ ունեն պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ: Այսպիսով, ակնկալում են, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանն արժանվույնս ներկայացված կլինի ԵԱՏՀ հարթակում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]