Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետը դրական է գնահատում Հայաստանի տնտեսությունում նկատվող միտումները, բայց նաև ռիսկեր է տեսնում

Փորձագետը դրական է գնահատում Հայաստանի տնտեսությունում նկատվող 
միտումները, բայց նաև ռիսկեր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանի տնտեսությունում վերջին տարիներին նկատվող միտումները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նա նշեց նախորդ տարվա տնտեսական արդյունքների ամփոփմանը նվիրված փետրվարի 21-ի ասուլիսում:

Նա գտնում է, որ 2023 թվականը հաճելի անակնկալ մատուցեց, քանի որ տարվա արդյունքներով գերազանցվեցին Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կանխատեսումները: «Եթե ֆիքսենք 2021 թվականից գրանցված տնտեսական աճը, ապա պարզ է, որ 2020-ի համեմատ իրական աճը կազմել է 29.5 տոկոս»,- արձանագրեց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականի տնտեսական աճին մեծապես նպաստել է հատկապես երեք ոլորտ: «Երկրի տնտեսական աճում առևտրի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.9, տեղեկատվության և կապի ոլորտինը՝ 1.7, իսկ շինարարությանը՝ 1.1 տոկոսային կետ: Կարող ենք ասել, որ մեր տնտեսության վրա 2022 թվականին անդրադարձած արտաքին դրական ազդակները իրենց ազդեցությունը պահպանել են նաև նախորդ տարի: Առևտրի ոլորտի մեծ նպաստը տնտեսական աճին առավելապես պայմանավորված է եղել վերարտահանման գործարքներով: Հատկապես առաջին 8 ամիսներին մեծ էր ավտոմեքենաների վերաարտահանման ծավալը, որը հետագայում Արևմուտքի խստացումների և Ռուսաստանի կողմից՝ սեփական շուկայի պաշտպանությանը միտված մի շարք միջոցառումների հետևանքով էականորեն նվազեց: Սակայն, այլ դիրքերով մեզ մոտ վերաարտահանումը շարունակվում է առաջնային դեր խաղալ: Նաև հակառակ միտումը կա. Ռուսաստանից որոշ ապրանքներ ներկրվում են Հայաստան, որոշակի վերամշակում անցնում կամ, նույնիսկ, առանց անցնելու վերաարտահանվում են այլ երկրներ: Դա դրական է անդրադառնում մեր տնտեսական ցուցանիշների վրա»,- նշեց տնտեսագետը:

Հայկազ Ֆանյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակն ընդհանուր առմամբ դրական է, սակայն նկատվում են որոշակի ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել 2022-23 թվականներին գրանցված տնտեսական աճի տեմպերի պահպանմանը:

Բանախոսը ենթադրում է, որ այս տարի Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կունենա տնտեսության որոշակի աճ, մանավանդ՝ խոսակցություններ կան առանձին խոշոր ներդրումային նախագծերի իրականացման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]