Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

«Սև հովազ-2»-ը ծրագրային վեպ է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին. Աշոտ Աղաբաբյան 

«Սև հովազ-2»-ը ծրագրային վեպ է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին. 
Աշոտ Աղաբաբյան 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանն ընթերցասեր հանրությանն է ներկայացրել իր հեղինակած նոր վեպը՝ «Սև հովազ-2»-ը: Հեղինակը «Արմենպրես»-ին հայտնեց, որ վեպում ներկայացրել է, թե ինչպես Հայաստանը կարող է հաղթահարել վերջին տարիների հայտնի իրադարձությունների հետևանքով առաջացած խնդիրները: 

«Սա հինգ ամիս առաջ լույս տեսած «Սև հովազ-1» վեպի շարունակությունն է: Երկու վեպերում ներկայացված է Արցախյան երեք պատերազմերից մինչև այս օրեր ընկած ժամանակահատվածը: Ավելի ստույգ՝ «Սև հովազ-1»-ն ընդգրկում է 1989-96, իսկ «Սև հովազ-2»-ը՝ 1996-ից մինչև այս տարվա հունվարի 10-ը: Սակայն, վեպերի առանցքը ոչ թե այդ երեք պատերազմերն են, այլ «Սև հովազ» հետախուզական հատուկ ծրագրի, խմբի անդամների գործունեությունը, կյանքի անցած ամբողջ ուղին՝ սկսած 2000 թվականին Շուշիում բանտարկվելուց»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Նա ընդգծեց, որ իր նոր ստեղծագործությունը նաև կարևոր ուղերձ է հայ ժողովրդին. «Սա ծրագրային վեպ է. ականատես գործող պրոֆեսիոնալների վկայությամբ առաջին անգամ ցույց եմ տալիս, թե ինչու պարտվեցինք վերջին պատերազմում և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է հայությանը, բայց, այնուամենայնիվ, սա գեղարվեստական ստեղծագործություն է, ու պետք է այդպես ընդունվի»:

Հեղինակը նկատեց նաև. «Ամբողջ «Սև հովազ-2»-ը զուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին է: Նշված են կոնկրետ քայլեր: Ինձ հարցնում են՝ իսկ ինչու այդքան բաց: Սա, ըստ գրքին ծանոթացած մասնագետների, դասագրքի պես մի բան է՝ համապատասխան կառույցների համար: Անվտանգության մասնագետի ծրագիր՝ առաջարկի տեսքով»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այս պահին ունի հաջորդ ստեղծագործության երեք տարբերակ, սակայն վերջնականապես դեռ չի կողմնորոշվել: «Մերուժան Տեր-Գուլանյանը զանգեց ու հետաքրքրվեց, թե արդյոք գրելու եմ «Սև հովազ-3»-ը: Պատասխանեցի բավական է՝ մեկ տարի է գրում եմ: Իսկ շաբաթներ առաջ ինձ մոտ էր եկել Գագիկ Գինոսյանը՝ ասեցի դեռ չեմ որոշել: Մի քանի ծրագիր ունեմ. ամիսներ անց Հայաստան է գալու խորհրդային թիվ 1 քննիչ Թելման Գդլյանը: Նրան հանդիպելու առաջարկ եմ ստացել: Հիմա երեք տարբերակ ունեմ, բայց դեռ հստակ չեմ որոշել: Սովորաբար ինքս եմ ընտրում իմ հերոսներին, ու եթե զգում եմ, որ իմն է, գրում եմ: Իմ 10 գրքերից, որոնցից մեկը վեպ չէ՝ ժողովածու է, 8-ը գրել եմ վերջին 6 տարում: Այնպես որ, շարունակելու եմ աշխատել»,- նշեց Աղաբաբյանը: 

«Սև հովազ-1» վեպը անցյալ տարվա աշնանը տևական ժամանակ եղել է «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթելեր» հեղինակային նախագծի առաջատարը:

Աշոտ Աղաբաբյանը հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, ակնարկների և վեպերի հեղինակ է: Ընթերցողներին քաջածանոթ են նաև նրա «Ռեզիդենտ»-ը (2004 թվական), «Մենակը» (2013), «Գաղութը» (2013), «Թակարդում» (2018) ստեղծագործությունները: Ի դեպ, «Ռեզիդենտ» փաստագրական վեպը «Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում ճանաչվել է «Տարվա գիրք»:

«Սև հովազ-2» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Ֆենիքս», «Նոյյան Տապան» գրախանութների ցանցերում, «Գրքատուն», «Գամմա» գրախանութներում, նաև Կամերային երաժշտության տան մոտ գտնվող բացօթյա գրախանութում։

      Հրայր Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]