Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության 
մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի գրողների միությունն անցկացրեց ամենամյա գրական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ հանձնեց տարբեր ժանրերում ստեղծագործող ժամանակակից  հեղինակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ հանձնելու են մրցանակներ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի անվան և այլ անվանակարգերում, Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տների, Հայկական գրական հիմնադրամի և այլ մրցանակներ:

«Նախորդ տարի հրապարակեցինք Արցախի գրողների յոթ գիրք, որոնց շնորհանդեսներն այստեղ իրականացրինք: Գրքերի ստեղծմանը, բնականաբար, մասնակցել են Արցախի գրողներն ու իրենց գրքերով ներկայացրել Արցախի պաշարված, հոգեբանական ծանր ու մղձավանջային օրերն ու ամիսները»,- նշեց նա:

Դերենիկ Դեմրիճյանի անվան մրցանակն արձակ ժանրում տրվեց Ներսես Խառատյանին՝ «Գործուղում Վիեննա» գրքի համար: Այն Խառատյանի դետեկտիվ ստեղծագործությունների շարքից թվով յոթերորդն է: Նախորդների նման ընթերցվում է լարված, չթուլացող հետաքրքրությամբ ու մեկ շնչով:

8D1A2761.jpg (487 KB)

«Մինչ օրս յոթ նման ստեղծագործություն եմ գրել: Դա իմ կյանքի գործն է եղել, քանի որ երկար տարիներ քննիչ եմ աշխատել, դատախազի օգնական: Մոտ քառասուն տարի այս բնագավառում եմ եղել, ուստի չէի կարող անտարբեր անցնել այդ թեմայի կողքով»,- նկատեց նա:

Հեղինակի խոսքով՝ եղել են ու կան հայ գրողներ, որոնք դետեկտիվ ժանրում են ստեղծագործում, սակայն բաց կա, որը որոշել է լրացնել: «Իմ յոթ գրքերը տարբեր պատմություններ են պատմում, սակայն բոլորի միջև օրգանական կապ կա, ու հիմնական հերոսը նույն մարդն է»,- նշեց հեղինակը:

Խառատյանը հինգ անգամ ՀԳՄ մրցանակի է արժանացել, սակայն ամեն անգամ նորովի է այն ընդունում, ոգևորվում, ասում է՝ զգում է այն, ինչ գրողը՝ առաջին տպագիր գիրքը տեսնելիս:

 Ավետիք Իսահակյանի մրցանակն էլ պոեզիա ժանրում տրվեց Շանթ Մկրտչյանին՝ «Կոնտրապունկտ» գրքի համար: Այն հեղինակի բանաստեղծությունների վերջին ժողովածուն է: «Սխալ եմ համարում թեմատիկ բաժանումների ենթարկել բանաստեղծական ժողովածուն, սակայն այսօրվա մեր մտահոգությունները, ապրումները, տեսիլները, պատկերացումները մեր երկրի, մեր վիճակի մասին մի առանձին հատվածում եմ ընդգրկել։ Ներառվել է խոհափիլիսոփայական քառյակների բաժին, որ գրվել է Գյոթեի «Ֆաուստ»-ի մոտիվներով, կա մորս հիշատակին նվիրված բաժին և «Կոնտրապունկտ» բաժինը, որտեղ զետեղվել են վերջին տարիներին գրված  բանաստեղծությունները։ Չենք մոռացել նաև էպիգրամների մասին»,-պատմեց բանաստեղծը:

8D1A2773.jpg (447 KB)

Մկրտչյանը պատիվ է համարում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստանալը: Նրա խոսքով՝ տեղի մրցանակներն իրենց բարձրությունն ու անգնահատելի տեղն ունեն:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հրապարակախոսության ժանրում տրվեց Վրեժ Սարուխանյանին՝ «Հոգի ունենք տալու» գրքի համար:

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) հանձնվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Նորվեգիայի պատմություն» գրքի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Սուրեն Դանիելյանին՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) ստացավ Անդրանիկ Կարապետյանը՝ «Խաղաղության գույնը» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվեց Հենրիկ Էդոյանին, Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակը՝ Արա Նազարեթյանին:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակին, որը Չարենցի անվան է, արժանացան Մարգարիտ Դերանցը՝ «Գմբեթավոր հովանոցը» գրքի համար, Նանեն՝ «Լավագույն տղերքը մենք ենք» գրքի համար:

Ավ. Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակը՝ «Վարպետ» անվամբ, տրվեց Ավիկ Դերենցին:

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակներ տրվեցին Գագիկ Դավթյանին՝ «Ռուսական պոեզիա», Ետոն Գելմենի «Սպասում եմ քեզ», Աթթիլա Ֆ. Բալաշի «Վերաներկված վանդակաճաղեր» գրքերի թարգմանության համար, մրցանակ տրվեց  Լյուդվիգ Կարապետյանին՝ (հատուկ մրցանակ) գրական մատենաշարի համար,  Ռուզան Ասատրյանին՝ (հրապարակախոսություն) «Մեռած ողջերը» (7-րդ հատոր) գրքի համար, Լիլիթին՝ «Աստղաթագով աղջիկը» գրքի համար:

Երիտասարդ գրողի մրցանակը տրվեց Արթուր Մկոյանին՝ «Երազներ մահվանից հետո» գրքի համար:

Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակին արժանացան Սիրեկան Հովհաննիսյանը՝ (հետմահու) «Զորավարը» գրքի համար, Ռաֆայել Սահակյանը՝ «Իրիկնային տաղարան» (բանաստեղծ) գրքի համար:

Հատուկ (խրախուսական) մրցանակներ շնորհվեցին «Լուսաբերդ» հիմնադրամին՝ Արցախի յոթ գրողի հրատարակած գրքերի համար (խմբագիր՝ Կիմ Գաբրիելյան) և «Ծիծեռնակ» հրատարակչությանը՝ «Երբ Արցախը պաշարված էր» գրքի համար:

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ՝ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]