Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան

Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ 
Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների և սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և նրանց քվեարկությունը 50 և ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի:

«Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե, ես ինքս պայքարելու եմ, որ որևէ քվե չկեղծվի»,-ասաց Պապոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: 

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]