Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրվա առթիվ արմենպրեսականներն առաջարկում են ընթերցել և՛ դասական, և՛ ժամանակակից գործեր

Գիրք նվիրելու օրվա առթիվ արմենպրեսականներն առաջարկում են ընթերցել և՛ 
դասական, և՛ ժամանակակից գործեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմիցս ասվել է, որ գրքերը կարող են դառնալ լավագույն բարեկամներ, հերոսները՝ ընկերներ, գրքերում նկարագրվող իրավիճակները կարող են սովորեցնել, օգնել ճիշտ կողմնորոշվել, ելք գտնել, հաղթահարել դժվարությունները, սիրել ու սիրվել: Ինչպես ասել է մեծն Չարենցը. «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»: Կարդալ անհրաժեշտ է ոչ միայն տոներին, այլև ամբողջ տարվա ընթացքում, սակայն «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատակիցները Գիրք նվիրելու օրվա առթիվ են խորհուրդներ տալիս, փոխանցում իրենց տպավորությունները, արտահայտում հիացմունքը:

«Արմենպրես»-ի գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանին շատ է տպավորել  ամերիկացի գրող, սարսափի արքա Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպը: Գրքի հերոսները ծնվել են հեղինակի կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների արդյունքում: Խլղաթյանի խոսքով՝ գրքի շարունակությունը հնարավոր է ընթերցել «Բժիշկ Քուն» վեպում, որը լույս է տեսել 2013 թվականին: Խմբագիրը կարծում է՝ ինքնակենսագրականների սիրահարներին էլ կարող է դուր գալ Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրական»-ը:

Գործակալության մամուլի սրահի և հատուկ նախագծերի  պատասխանատու Աննա Գզիրյանի ուշադրության կենտրոնում  ինքնակենսագրական գրքերն են։ Նա հորդորում է կարդալ «Իմ ինքնակենսագրությունը․ Չարլզ Չապլին» գիրքը, որը հետաքրքիր դրվագներ է ներկայացնում կինոլեգենդ, կինոյի բոլոր հնարավոր մրցանակները նվաճած Չապլինի մասին: «Ինչպես կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնն է նշել. «Աղքատությունից հարստություն ճանապարհին ամենադրամատիկ պատմությունն է, որը երբևէ պատմվել է»։ Գիրքը հնարավորություն է տալիս բացահայտել Չապլինի կինոկարիերայի ընթացքն ու անձնական կյանքի մանրամասները, քաղաքական հայացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այն ընթերցելիս հետաքրքրիր էջեր են բացվում Չապլինի շրջապատի մաս կազմող կինոաշխարհի, թատրոնի, քաղաքական ոլորտի նշանավոր դեմքերի մասին։ «Կառանձնացնեմ նաև Միշել Օբամայի ինքնակենսագրական գիրքը, որը տևական ժամանակ գլխավորում էր համաշխարհային բեսթսելերների ցանկերը։ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման հետաքրքրիր բացահայտումներ է անում իր և Բարաք Օբամայի համատեղ կյանքի մասին։ Հատկապես ուշագրավ են համատեղ կյանքի քաղաքական փուլի վարագույրից այն կողմ դրվագները։ Գիրքը հնարավորություն է տալիս տեսնելու այն իրավիճակները, դժվարությունները, որոնց միջով անցնում են երկրի առաջին դեմքերը»,-պատմում է Գզիրյանը:

Քաղաքական  և իրավական ոլորտները լուսաբանող լրագրող Կարեն Խաչատրյանը  վերջերս է ընթերցել Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջ» գիրքը, որը կապիտալիստական համակարգի հետևանքների, մարդկային էության, բարոյականության, ազատ կամքի մասին է։ Գիրքը լույս է տեսել 1962 թվականին և պատմում է նեոլիբերիստական հնարած մի քաղաքում ապրող Ալեքսի մասին, ով սիրում է ոչ միայն դասական երաժշտություն՝ Բախի, Բեթհովենի, Մոցարտի ստեղծագործությունները, այլև մեծ բավականություն է ստանում թալանելուց, սեքսով զբաղվելուց: Պետությունը որոշում է «բուժել» Ալեքսին՝ զրկելով նրան ընտրության հնարավորությունից։

Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրող Անժելա Համբարձումյանն առաջարկում է ընթերցել  Նիկկոլո Ամմանիտիի «Ես չեմ վախենում» վեպը, սեղանին ունենալ պարսից մեծ գրող Հաֆեզի գազելներն ու քառյակները, անպայման ծանոթանալ «Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց» գրքերի շարքին: «Ամմանիտիի վեպը կարդացել եմ մեկ շնչով, քանի որ գործողությունները շատ արագ են զարգանում և գրավիչ են: Հեղինակի շնորհիվ հայտնվում ես իտալական փոքր գյուղում, ընկերանում ես գլխավոր հերոսի՝ Միկելեի հետ, և միասին անցնում եք բոլոր փորձությունների միջով, փորձում ճիշտ որոշում կայացնել՝ չվնասելով սիրելիներին: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը ևս հետաքրքիր է: Հաֆեզի ստեղծագործություններին ծանոթանալուց հետո Գյոթեն ասել է. «Այս արտասովոր անձնավորությունը անսպասելիորեն ոտք է դրել իմ կյանքի ճանապարհին: Նրա ազդեցությանը հնարավոր չէ դիմակայել: …Դու՝ Հաֆեզ, քնարերգության և բերկրանքի աղբյուր ես առատաբաշխ, որից ամեն ակնթարթ նոր շիթեր են ցայտում»:   «Ոչ մի շաբաթ առանց» շարքից ընթերցել եմ «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի», «Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի» գրքերը, որոնք հրաշալի են: Գրքերը հոդվածների, հարցազրույցների, հեղինակների խոհերի ու ապրումների միջոցով ծանոթացնում են  մեր մեծերի կյանքին վերաբերող այնպիսի մանրամասների, որոնք ամեն տեղ չես գտնի»,-ասում է Համբարձումյանը:

Քաղաքական ոլորտը լուսաբանող լրագրող Մանվել Մարգարյանը կարևորում է հատկապես պատմական գրքերը և միշտ բոլորին խորհուրդ  տալիս ընթերցել այդ ժանրի ստեղծագործություններ։ «Չմոռանանք, որ հենց գրքերի միջոցով է մեր երկրի պատմությունը փոխանցվել մեզ և հենց այդ գրքերն են, որ պահվում են Մատենադարանում: Պատմական գրքերի ընթերցանությամբ մարդիկ ավելի շատ են կապվում հարազատ երկրին և կարող են հակադարձել բոլոր զեղծարարներին, ովքեր այսօր լծվել են հայոց պատմությունը կեղծելու, նենգափոխելու գործին։ Պատմական բնույթի գրքերում ներկայացված են մեր պատմության այնպիսի դրվագներ, որոնք պետք է իմանա ամեն հայ: Նման գրքերի հրատարակման նպատակներից է նպաստել հայապահպանությանը: Այդ գրքերը հատկապես արժեքավոր են հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների համար, նրանց՝ օտար միջավայրում մեծացող երեխաների համար»,-հավաստիացնում է Մարգարյանը:

Քաղաքական լուրերը լուսաբանող լրագրող Աննա Գրիգորյանը բոլոր ժամանակների ամենահետաքրքիր ստեղծագործություններից է համարում ռուս գրականության մեծերից մեկի՝ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը վերջերս նոր թարգմանությամբ լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:  «Վեպը գայթակղիչ է, իրադարձությունների անսպասելի զարգացմամբ, լի հրաշքով, բարու և չարի հավերժական պայքարով»,-ասում է նա:

«Հնարավոր է քիչ ուշացած թվամ, քիչ էլ պոպուլիստ, բայց ամեն անգամ, երբ կյանքը վերածվում է քաոսային շարժման, դիմում եմ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի վերընթերցմանը՝ անհամբեր սպասելով այն տողերի հետ ժամադրությանը, որոնց համամարդկային ուղերձը հոգատարությունն ու նվիրումն է («Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար»), պատասխանատվությունը սեփական տան նկատմամբ («Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը)»։ Այս՝ ներսն ու դուրսը վերարժևորելու կոչ-հորդոր ստեղծագործության, տիեզերական զգացումների կուլմինացիան, Էքզյուպերիի հերոս մեր բարեկամի պատգամած թերևս, մի պարզ, աստիճանաբար մեզնից փախչող ճշմարտությունն է. («Մարդիկ հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում, բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն»)։ Երբ մտքերը, նպատակները, երազանքները, մարդկանց հետ փոխհարաբերությունները բնականոն ուղեծրում չեն, հենց այս պարզ ճշմարտություններից դասեր քաղելը, կարևորի մասին չմոռանալն ու ունեցածի ճիշտ գնահատումը կարող են բարձրացնել մարդուն, հոգին, սիրտը, միտքը։ Ընթերցասեղանին «Փոքրիկ իշխան»-ի ամենօրյա ուղղորդող ներկայությունը մեր օրերում ամենևին ավելորդ չէի համարի»,-հավաստիացնում է քաղաքական, սոցիալական ոլորտները լուսաբանող լրագրող Վան Նովիկովը:

«Հարց բժշկին» նախագծի հեղինակ, լրագրող Գայանե Գաբոյանը յուրահատուկ է համարում Ամոս Օզի «Հուդա» վեպը, որն, ըստ նրա, մի շնչով կարդալու ստեղծագործություն է: Իսրայելցի գրողի այս վեպը դավաճանության և դրա էության, հրեա-քրիստոնեական կապերի մութ կողմերի մասին է, որոնք կարևոր հետք են թողել արաբա-հրեական ժամանակակից պատմության վրա: Ամոս Օզի հետաքրքիր ու հակասական հայացքներն արտահայտվում են բարդ հոգեբանական թնջուկներով ու լարված հարաբերություններով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ պատմությամբ, որը ծավալվում է հին Երուսաղեմի խորհրդավոր մթնոլորտում:

Գործակալության վիդեոխմբագիր Սաթեն Համբարձումյանը սիրով է ընթերցել Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» վեպը, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով՝ օտարների խոսակցության ունկնդիրն է դառնում: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել տհաճության զգացումից, որն ուղեկցելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից

Գիրք նվիրելու օրվա  շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]