Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան 
քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը սոցհարցումների արդյունքներով և ցուցանիշներով եղել ու շարունակում է մնալ այն քաղաքական գործիչը, ով վայելում է երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը, այդուհանդերձ ՌԴ-ում կայանալիք ընտրությունների պարագայում կարևոր է ոչ թե կոնկրետ անձերի խարիզման կամ թեկնածուների քանակը, այլ առաջ քաշված քաղաքական խնդիրը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին և այդ համատեքստում ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող հետագա հնարավոր զարգացումներին։

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին այդ ընտրություններին գնում է բավականին ուշագրավ կարգախոսով՝ «Ժիրինովսկու գործն ապրում է»։ Էմոցիոնալ առումով, գուցե, դա կարող է հետաքրքրել ընտրազանգվածի որոշ մասին, որն իներցիայով կքվեարկի այդ ուժի թեկնածուի օգտին, բայց ընտրություններին ադեկվատ մոտենալու պարագայում պետք է նշել, որ այդ գործընթացը ոչ այնքան քաղաքական անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է։ Այդ տեսանկյունից՝ Պուտինը դեռ նախորդ տարվա վերջին ներկայացրեց հստակ քաղաքական պրոյեկտ, երբ իր ելույթում հղում կատարեց Ալեքսանդր Նևսկուն ու հավելեց, որ ժամանակին Ռուսաստանն արդեն անցել է այդ ճանապարհը, որի շրջանակներում համագործակցությունն Արևմուտքի հետ փոխարինվեց Արևելքի հետ համագործակցությամբ։ Այստեղ Արևելք ասելով՝ նկատի է առնվում ոչ միայն Չինաստանը, այլև Հնդկաստանը, Իրանը, Մերձավոր Արևելքն ու Արաբական աշխարհը»,- ասաց Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ բացի Սլուցկիի վերոհիշյալ կարգախոսից, այլ բան, որը նրա վրա կսևեռեր լայն զանգվածների ուշադրությունը, նկատելի չէ։ Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Վլադիմիր Պուտինն ինքնաառաջադրվել է, այլ ոչ թե հանդես եկել որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, Մաթևոսյանն ընդգծեց, որ այդ քայլը նույնպես ունի քաղաքական տրամաբանություն։

«Երբ Պուտինն ասում էր, որ պետք է լավ ուսումնասիրել Ալեքսանդր Նևսկու օրինակը, դրանից տառացիորեն մի քանի օր անց Ռուսաստանի նախագահը, հանդիպելով այն անձանց հետ, որոնք պայքարում են ուկրաինական ռազմաճակատում, նշեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ են նոր քաղաքական էլիտաներ, մարդիկ, որոնք գործով ապացուցում են իրենց կարևորությունը և օժտված են խնդիրներն արդյունավետ լուծելու հմտությամբ։ Ըստ Պուտինի՝ պետք է տեղի ունենա էլիտաների թարմացում։ Այդ առումով գործող նախագահի ինքնաառաջադրվելու քայլը լիովին տրամաբանական է և նշանակում է, որ նոր է լինելու ոչ միայն քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան, այլև կառավարման գործընթացում ներգրավված անձինք, ովքեր համապատասխանում են աշխարհաքաղաքական ընտրությանը, որի մասին ազդարարեց Պուտինը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն տեսակետին, որ ՌԴ նախագահական ընտրություններում թեկնածուների սակավությունը և որոշ չափով կանխորոշված լինելու հանգամանքը վկայում են, որ այդ երկրում շատերը նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետագա հանգուցալուծումը կապում են հենց Պուտինի հետ, քաղաքագետն ընդգծեց, որ 1991 թվականից ի վեր Ռուսաստանը փորձել է Արևմտյան աշխարհի մի մասը դառնալ և նույնիսկ ժամանակին քննարկվել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը, բայց այդ ճանապարհը պետության համար ընտրել էր քաղաքական վերնախավը, մինչդեռ հասարակության զգալի հատվածը լիովին այլ պատկերացումներ ուներ երկրի քաղաքական ապագայի ու տնտեսական մոդելի վերաբերյալ։

«Ժամանակին քաղաքական էլիտայի և հասարակության միջև առաջացել էր որոշակի խզում, մինչդեռ հիմա ուկրաինական պատերազմում Ռուսաստանի բնակչության մեծամասնությունն աջակցում է գործող նախագահին, իսկ դա խոսում է այն մասին, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ՝ հիշյալ խզվածությունը վերացել է։ Նաև այս տրամաբանությամբ պետք է դիտարկել այն հանգամանքը, որ Պուտինը ինքնառաջադրվել է, այլ ոչ թե հանդես եկել որպես նախագահի թեկնածու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, և գործող նախագահին աջակցել են մի շարք քաղաքական ուժեր։ Հարցը, մեծ հաշվով, պայմանավորված չէ միայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ, այլ առնչվում է աշխարհաքաղաքական ինքնության ընտրությանը։ Այդ հարցը ՌԴ բնակիչները նույնպես կապում են Պուտինի հետ»,- ասաց Մաթևոսյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչին, որով նա հորդորել է Արևմուտքին պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման, ինչպես նաև խոսելով հակամարտող կողմերի ռեսուրսների մասին երկարաժամկետ պատերազմական գործողություններ վարելու համար՝ Մաթևոսյանը հորդորեց ուշադրություն դարձնել հետևյալ գործոնների վրա։

«Երբ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից անմիջապես հետո պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամը խոսեց այն մասին, որ ՌԴ-ի ՀՆԱ-ն մի քանի տոկոսով անկում է գրանցելու և տնտեսությունը հայտնվելու է խորը ռեցեսիայի մեջ, սակայն վերջերս նույն կառույցի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը 2023 թվականին եվրոպական տնտեսություններից ամենաակտիվ զարգացողն է եղել։ ՌԴ-ն ցույց է տվել, որ կարող է ադապտացնել իր տնտեսությունը ստեղծված իրավիճակին։ Այդ երկրի ԱԽ-ն ստուգումներ է սկսել Կենտրոնական բանկում, որը շատերի կարծիքով՝ սպասարկում է արևմտյան շահերը, այսինքն` իշխանության ձեռքերն այնքան ազատ են, որ կարող է արևմտյան վեկտոր ունեցող ինստիտուտների դեմ կիրառել գործողություններ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արևմուտքի ռեսուրսներին, ապա քաղաքագետը հեռու է այն մտքից, որ դրանք չկան, ճիշտ հակառակը՝ ուկրաինական պատերազմը նույնիսկ լեգիտիմ հիմք է տվել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին զգալիորեն ֆինանսավորող ԱՄՆ-ին՝ վերաձևավորելու իր տնտեսությունը։ Միացյալ Նահանգները վերջին տարիներին Եվրոպային ենթարկել է ռեինդուստրիալիազիայի՝ չնայած, որ իր տնտեսությունն էլ ռազմարդյունաբերական համալիրի վերակառուցման տեսանկյունից բախվում է օբյեկտիվ խնդիրների հետ, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմից զատ, կա նաև Չինաստանի հետ կապված լրջագույն խնդիրը։

«Քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անուղղակիորեն ներգրավված են նաև ԵՄ երկրները, ապա եվրոպական տնտեսությունների զարգացման լոկոմոտիվ համարվող Գերմանիան նույնպես բռնել է ռեինդուստրիալիզացիայի ճանապարհը, ինչն իր հետ բերել է օբյեկտիվ խնդիրներ, որովհետև այնտեղ ռուսական էներգակիրներին արդյունավետ այլընտրանք դեռ չեն գտել։ Եթե Արևմուտքին հաջողվի հընթացս լուծել այդ խնդիրները, ապա նրանք նույնպես պատրաստ կլինեն ՌԴ-ի հետ երկարատև հակամարտության»,- եզրափակեց քաղաքագետը։           

Մանվել Մարգարյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]