Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը»՝ առաջատար. թարգմանական. դեկտեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը»՝ առաջատար. 
թարգմանական. դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» առաջին տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարակվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերնագրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորն ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Երկրորդ տեղում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Քրիս Յուանի «Տան որսը» երրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Չորրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ագաթա Քրիստիի «Կարիբյան գաղտնիքը» հինգերորդն է։ 1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս:

Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա: Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Ագաթա Քրիստիի «Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեցերորդ տեղում է։ «Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: Լեգենդար խուզարկու Պուարոն ընկերոջ՝ Արթուր Հասթինգսի հետ վերադառնում է Սթայլզ, որտեղից էլ սկսել էին հանցագործություններ բացահայտելու իրենց համատեղ գործունեությունը: Այս վեպով էլ ավարտվում է Ագաթա Քրսիտիի՝ խուզարկու Պուարոյի մասին պատմող շարքը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» յոթերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապևտ է։ Նրա ուշադրությունը սևեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեև վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը ութերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքն իններորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Տասներորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 Ագաթա Քրիստի, «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը»  Էդիթ Պրինտ 229
2 *

Մարկ Արեն, «Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 223
3 նոր

Քրիս Յուան, «Տան որսը» 

Դավինչի 142
4

-2

Ագաթա Քրիստի, «Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 134
5 նոր Agatha-Caribbean-1000x1000.jpg (68 KB)

Ագաթա Քրիստի, «Կարիբյան գաղտնիքը» 

Էդիթ Պրինտ 114
6 նոր Agatha_Curtain_in_Armenian-550x550.jpg (29 KB)

Ագաթա Քրիստի, «Վարագույր. Պուարոյի վերջին գործը»

Էդիթ Պրինտ 110
7 *

Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը»

Newmag 110
8 0

Ագաթա Քրիստի, «Սպանություն Արևելյան ճեպընթացում»

Էդիթ Պրինտ 102
9 * ABC-Murders-in-Armenian-1000x1000-removebg-preview-850x850.png (422 KB)

Ագաթա Քրիստի, «Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 80
10 *

Ագաթա Քրիստի, «Դիակը գրադարանում»

Էդիթ Պրինտ 69

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]