Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնել է հիմնադրման 90- ամյակը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնել է հիմնադրման 90-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին լրացավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով գրադարանում տոնական միջոցառում էր կազմակերպվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորելու էին եկել գրողներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, որոնցից շատերի մանկությունն անցել է Խնկո Ապոր անվան գրադարանում։

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և ասել, որ 90 տարվա ճանապարհ անցած, դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարած, բայց և նվաճումներ արձանագրած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում։ 

«Գրադարանը սոսկ մանկապատանեկան գրականության գրավոր ժառանգության պահոց չէ։ Այն արդեն 90 տարի Հայաստանում կրթամշակութային բազմազան ծրագրերի միջոցով ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում։ Մեր գրադարանի նպատակը մեկն է՝ որակյալ ծառայությունների մատուցմամբ ընթերցանության կազմակերպում և խթանում, իսկ առաջնահերթությունը երեխայի ընթերցելու իրավունքի պաշտպանությունն է»,- իր խոսքում նշել է Ռուզան Տոնոյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրադարանին մաղթել է բեղուն գործունեություն և ընթերցողների քանակի ավելացում։

«Գրադարանում համատեղ բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ենք իրականացրել։ Այս գործը պետք է շարունակվի։ Ով գիրք է կարդում, գրքի աշխարհում է մեծանում, չի կարող վատ կամ չար մարդ լինել։ Ուղղորդեք երեխաներին լավ գրքեր կարդալ»,- ասել է նա:

Ցուցադրվել է գրադարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որն արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով պատմում էր գրադարանի ստեղծման առաջին օրերից մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների, գրադարան այցելած հայ մեծերի մասին։

Գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել է գրական ժանրերը բացահայտող թատերական ներկայացում՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի սցենարով։

Գրադարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում ընթերցասրահում կազմակերպվել էր նաև հնատիպ գրքերի, գրադարանին ընծայագրված և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]