Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության. ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության 
աննախադեպ ակտիվության. ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄԷ-ի նախագահին և 
փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-էմիրաթական բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են փոխշահավետ և ամուր համագործակցության բարի ավանդույթներ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ականատես ենք լինում հայ-էմիրաթական փոխգործակցության աննախադեպ ակտիվության, որը դրսևորվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին զարկ տալու երկուստեք պատրաստակամությամբ և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայով:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ծավալված ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն, և մոտ ապագայում ականատես կլինենք այդ արգասաբեր համագործակցության իրական արդյունքներին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանում ոգևորությամբ են հետևում վերջին տասնամյակներին ամենատարբեր ոլորտներում ԱՄԷ-ի գրանցած շարունակական հաջողություններին և անհամբեր սպասում բարեկամ Էմիրությունների նոր ձեռքբերումներին:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա գործընկերությունը և հաստատակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը երկուստեք նախանշված ոլորտներում:

Ունեցած ձեռքբերումներով և հաջողություններով հանդերձ՝ վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունն ունի զարգացման էլ ավելի մեծ ներուժ, որին և պետք է ուղղված լինեն մեր հետագա համատեղ քայլերը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]