Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Մերձավորարևելյան վերջին զարգացումներն անմիջականորեն անդրադարձել են հայ համայնքների կենսակերպի վրա. դիվանագետները խոսել են հիմնախնդիրների մասին

Մերձավորարևելյան վերջին զարգացումներն անմիջականորեն անդրադարձել են 
հայ համայնքների կենսակերպի վրա. դիվանագետները խոսել են հիմնախնդիրների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի, Թունիսի և Մարոկկոյի արաբական հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի կարծիքով՝ մերձավորարևելյան վերջին զարգացումներն անմիջականորեն անդրադարձել են հայ համայնքների կենսակերպի վրա և այսօր բնականաբար առաջնահերթություն է դարձել անվտանգության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված գիտաժողովի ժամանակ Փոլադյանը նշեց, որ այսօր հնարավորության սահմաններում անհրաժեշտ է գոնե եղածը պահպանել և այդ գործում շատ կարևոր է հատկապես Հայաստանի աջակցությունը մեր հայրենակիցներին, ովքեր դեռ ապրում են մերձավորարևելյան երկրներում, հետևաբար անվտանգության հարցն օրակարգի ամենակարևոր խնդիրներից է։       

Արշակ Փոլադյան.jpg (576 KB)

«Մերձավորարևելյան տարածաշրջանը շարունակում է մեզ համար լինել կենսական, որտեղ ապրում է մեր ժողովրդի մի ստվար հատվածը։ Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանությունից հետո գոյացած հայ համայնքների և առհասարակ հայ-արաբական հարաբերությունների մասին, ապա առաջին պլան է մղվում այն պատմական իրողությունը, որ այդ հարաբերություններն ունեն ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Այդ ամբողջ ժամանակահատվածում բավականին ջերմ կապեր են հաստատվել։ Ցեղասպանությունից հետո, անշուշտ, մեր հայրենակիցներից շատերը բռնագաղթվեցին և իրենց փրկությունը գտան մերձավորարևելյան երկրներում՝ հատկապես Սիրիայում, Լիբանանում, Իրաքում»,-ասաց դիվանագետը։

Փոլադյանի խոսքով՝ նշված տարածաշրջանում անցյալ դարավերջից սկսած և այսօր էլ ընթացող ռազմաքաղաքական բուռն փոփոխություններն իրենց հերթին որոշակի ազդեցություն թողեցին նաև հայ համայնքների կենսագործունեության վրա, որոնք տարբեր դրդապատճառներով նոսրացան։ Օրինակ՝ Լիբանանում նախորդ դարավերջին ունեինք 250 հազար հայերից բաղկացած հզոր համայնք, բայց նրանց թվաքանակը, հատկապես Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո զգալիորեն նվազեց։ Մյուս համայնքներում նույն իրավիճակն է՝ պայմանավորված Եգիպտոսում, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած վերջին զարգացումներով։ Սիրիայում ավելի քան տասը տարի տևած եղբայրասպան պատերազմի արդյունքում 120 հազար հայերից բաղկացած համայնքում մնացել է 30-40 հազար հայ։

ՀՀ-ում Սիրիայի արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանն իր հերթին շեշտեց ակադեմիայի կողմից սփյուռքահայությանն առնչվող թեմաները գիտական շրջանառության մեջ դնելու և նման մակարդակով քննարկման առարկա դարձնելու գործելաոճը։

Նոռա.jpg (520 KB)

«Ելնելով այն փաստից, որ Միջին Արևելքի արաբական երկրների հայ համայնքները տարբերվում են միմյանցից կենցաղային և դրանցում առկա իրավիճակի առումով, ուստի պետք է հայ համայնքները դիտարկել որպես առանձին միավորներ, նրանց ցուցաբերել առանձնակի մոտեցում։ Այդուհանդերձ, այդ համայնքներն ունեն մի քանի ընդհանրություններ, ինչը պայմանավորված է առկա մարտահրավերներին դիմակայելու հանգամանքով։ Նախևառաջ՝ հայ համայնքների գլխին կախված է նոսրանալու և թուլանալու վտանգը։ Երկրորդ խնդիրն այն է, որ մարդիկ գնալով ավելի քիչ են խոսում արևմտահայերեն։ Երրորդ՝ այսօր հայ համայնքների տնտեսական աղբյուրները նվազել են։ Չորրորդ խնդիրը պակաս կարևոր չէ և առնչվում է հայ ինքնության պահպանությանը»,-ասաց Արիսյանը։

Դեսպանը կենտրոնացավ հատկապես Սիրիայի կողմից վարվող քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ տասնյակ տարիներ տեղի իշխանությունները սատարել են և այսօր էլ աջակցում են տեղաբնակ հայերին։ Սիրիայի կառավարությունը խորապես ընկալում է այն իրողությունը, որ տվյալ արաբական երկիրն աչքի է ընկնում նախևառաջ իր բազմամշակութայնությամբ, ուստի գործում է՝ ելնելով այդ սկզբունքից։ Հայկական համայնքին սատարելու օրինակներից է հայկական կազմակերպությունների, դպրոցների, ազգային, կրոնական կառույցների անխափան գործունեության ապահովումը պետական մակարդակով։ Այդ գործում, անշուշտ, կարևոր է նաև Հայաստանի զորակցությունը։ Արիսյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքները գոյատևելու իրավունք ունեն, և նրանց օժանդակելու գործում Սիրիայի կառավարության գործելակերպը կարող է օրինակելի մոդել լինել շատ երկրների համար։ 

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]