Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Ընկերություն, սեր և խաբեություն. «Կին կոդ» կատակերգական ներկայացումը վերադարձավ երևանյան բեմ

Ընկերություն, սեր և խաբեություն. «Կին կոդ» կատակերգական ներկայացումը 
վերադարձավ երևանյան բեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ է պատահում, երբ դասընկերուհիները, որոնք և՛ նման են, և՛ չափազանց տարբեր, որոշում են հանդիպել շոգեբաղնիքում, հաճելի ժամանակ անցկացնել,  խոսել միմյանց առավելությունների և թերությունների, անձնական անհաջողությունների ու ցանկությունների մասին, ինչպես նաև հիշել դրվագներ դպրոցական տարիներից:

Հենց նման հանդիպում են կազմակերպում «Կին կոդ» զվարճալի ներկայացման  հերոսուհիները, որոնց կապում է մեկ տղամարդ:

GEV_2203.JPG (965 KB)

Ներկայացումը, որը տարիներ առաջ հասցրել է գրավել հանդիսատեսի ուշադրությունը, նոյեմբերի 29-ից երևանյան բեմ վերադարձավ վերաբեմադրված տարբերակով, նոր դերասանական կազմով, սցենարական ու երաժշտական  լուծումներով ու շեշտադրումներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ասաց, որ դրամատուրգիական գծի մեջ փոփոխություն չի եղել. որոշ չափով փոխվել են այն կերպարները, որոնց դերակատարները նոր են, ինչպես նաև այլ հերոսների վերաբերմունքն այդ կերպարների նկատմամբ:

GEV_1947.JPG (1.09 MB)

«Նախորդ ներկայացման մեջ զբաղված դերասաններ Ստեփան Ղամբարյանն ու Ռոզի Ավետիսովան խաղում են իմ «No Makeup» բեմադրության մեջ, Անի Խաչիկյանը ևս գերզբաղված է… Որպեսզի նոր շունչ հաղորդենք «Կին կոդ» ներկայացմանը, այլ դերասանների հրավիրեցինք: Երբ դերակատարները փոխվում են, ներկայացումը նորից ես բեմադրում»,-նշեց նա:

Գոջամանյանի խոսքով՝ արվեստագետը երկու ուղղությամբ է աշխատում՝ բացառապես գեղագիտություն է ապահովում, կամ նաև հասարակական գործունություն է ծավալում: Նա երկրորդ դասին է պատկանում ու ասում, որ ներկայացումն ունի հստակ շեշտադրումներ ու հասցեատերեր, որոնք հայ կանայք ու հայ տղամարդիկ են:

«Եթե հանդիսատեսը միանման ընկալի բեմադրությունը, ուրեմն մենք չենք հաջողել: Յուրաքանչյուր հանդիսատես իր ապրածի, ստեղծածի, զգացածի սահմաններում է ընկալում այն: Իմ առաքելությունն է կյանքից մի հատված ցույց տալ բեմում, որից ամեն մեկն անհրաժեշտը կտանի: Պետք է տրամադրություն փոխել այս դժվար օրերում և մտածելու առիթ տալ: Հատկապես հիմա հումորից հեռու բանը չի կարող ինչ-որ բան փոխել, որովհետև մարդկանց նյարդերը թուլացել են»,-նշեց ռեժիսորն ու հավելեց՝  ողբերգություն ապրած ազգի ամենամեծ զենքը կատակերգությունն է, որի միջոցով հանդիսականին աթոռին գամված ես պահում և տողատակերով ասում  այն, ինչը կարող է նրա կյանքում, մոտեցումներում բան փոխել, որպեսզի քսան կամ երեսուն տարի անց չհայտնվենք այն իրավիճակում, որում հիմա ենք:

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանն ընդգրկված է եղել նաև նախորդ ներկայացման մեջ: Նրա դերում փոփոխություն չկա, սակայն հանդես է գալիս այլ կոստյումով, որը, ինչպես ինքն է ասում, նոր տրամադրություն է ստեղծում:

GEV_2019.JPG (848 KB)

«Դերակատարները հետաքրքիր են, և ամեն դերասան իր հետ իր գույնն է բերում: Էվան, Օլյան, Զիրոյանը նոր շունչ, տրամադրություն, նոր ռիթմ են հաղորդել ներկայացմանը»,-նշեց նա:

Զիրոյանը բեմադրության միակ արական սեռի ներկայացուցիչն է: Սկզբում նրա մարմնավորած կերպարը շոգեբաղնիքի սանտեխնիկն է, սակայն ընթացքում պարզվում է, որ նա կնամոլ է և տարբեր անուններով ու մասնագիտություններով  հասցրել է հանդիպել հերոսուհիներից յուրաքանչյուրի հետ, սեր խոստովանել նրանց՝ չիմանալով, որ իր սիրուհիները դասընկերուհիներ են:

GEV_2452.JPG (691 KB)

Նա հավաստիացրեց, որ կերպարն իրական Զիրոյանի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ ինքը կնասեր է, բայց ոչ կնամոլ:

Դերասանը երկու անգամ դիտել է նախորդ ներկայացումը, սակայն չի մտածել դրանում խաղալու մասին, երբ առաջարկել են, սիրով է համաձայնել և իր մոտեցումներով կերտել կերպարը:

GEV_2385.JPG (998 KB)

Առաջնախաղն անցավ լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսը բուռն ծափահարություններով այն ընդունեց, ինչից հետո դերասանուհի Քեթրին Մանասյանը, որի մարմնավորած հերոսուհին ազատատենչ է, սակայն ևս սիրո կարիք ունի, խոստովանեց, որ  յուրաքանչյուր ներկայացումից հետո ոգևորությունը մեծ է, քանի որ հանդիսատեսի հետ էներգիայի փոխանակում է լինում: «Բացահայտում չեմ անի՝ ասելով, որ թատրոնը հոգիները բուժելու համար է, և այսօր դա տեղի ունեցավ: Ծիծաղի միջոցով մենք կարողացանք լավ էմոցիաներ փոխանցել ու ստանալ»,-ընդգծեց դերասանուհին:

GEV_2312.JPG (776 KB)

Մանասյանը հետաքրքիր իրավիճակներին ու դեպքերին ծանոթանալու համար հանդիսատեսին հրավիրում է  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ դիտելու «Կին կոդ»-ը:

Պիեսի հեղինակն Արմեն Վարդանյանն է, ներկայացման մեջ զբաղված են նաև Զառա Սահակյանը, Ռիփփի Նավասարդյանը, Օլյա Հակոբյանը, Էվա Խաչատրյանը:

GEV_2245.JPG (887 KB)

Հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև դեկտեմբերի 22-ին:

GEV_1995.JPG (1.01 MB)

GEV_1986 (1).JPG (1.28 MB)

GEV_2139.JPG (894 KB)

GEV_2423.JPG (1.02 MB)

GEV_2231.JPG (1.11 MB)Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]