Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ վարչապետը շնորհավորել է հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

ՀՀ վարչապետը շնորհավորել է հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: «Արմենպրես»-ը վարչապետի ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ.

«67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:

Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: 

Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:

Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել:

Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը:

2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը:

Հեռուստատեսության հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում, բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե սմարթֆոնի էկրանին»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]