Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկվել են Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկվել են Հայաստան-
Եվրամիություն համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: 

«Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:

Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]