Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընթերցողի դատին է ներկայացվել Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը

Ընթերցողի դատին է ներկայացվել Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը

ԳՅՈՒՄՐԻ,  28 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողի դատին է ներկայացվել ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը՝ գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Անահիտ Հակոբյան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  գիրքը լույս է ընծայել «Դպիր»  հրատարակչությունը: Գրքի՝ Գյումրիում կայացած շնորհանդեսին ներկա էր նաև անվանի թատերգու-թարգմանիչը:

Պիեսում ներկայացված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան փոքրիկ Յոնկերս քաղաքի հանրության միջին խավի ընտանիքների կյանքը, նրանց ապրած սոցիալական դրաման: Թատերագրությունը Նյու Յորքում հաստատված հրեական Քուրնից ազգանվամբ ընտանիքի յոթ անդամների ծանր կյանքի նկարագրությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հոգեբանական ողբերգությունը:

Գրքի շնորհանդեսին «Դպիր»  հրատարակչության տնօրեն և գլխավոր խմբագիր Հովիկ Կարապետյանը, շնորհավորելով ընթերցողին, նշեց, որ պիեսը հասցեագրված է հայ ընթերցողին և հայկական թատրոններին  ու արդեն հաջողությամբ բեմադրվել է և բազմիցս խաղացվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Մոլորվածները» վերտառությամբ:

Հեղինակի այս գործին անդրադառնալը պատահական չէ՝ գրքի շնորհանդեսին նշեց Մարո Մադոյան-Ալաջաջյանը:  «Նույն իրավիճակում ենք, ինչ եղել են հրեաները՝ Հոլոքոստի ժամանակ: Դաժան կյանք տեսած կինը փորձում է սովորեցնել, ինչպես դիմանալ դժվարություններին: Ընտանեկան դրամայում շատ զուգահեռներ եմ տեսնում մեր պատմական իրողությունների հետ: Ես Բրոդվեյում տեսա այս ներկայացումը և այդ ժամանակ որոշեցի թարգմանել այն հայերեն»,- պատմում է թարգմանիչը:

Դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, արձակագիր, հրապարակախոս Մարո Մադոյան-Ալաջաջյանը ծնվել է 1956թ. հունիսի 29-ին Լենինականում (ներկայիս Գյումրի): Թատերագետ Ռազմիկ Մադոյանի և Ռոզա Հանեսօղլյանի դուստրն է: 1981թ. ամուսնու՝ Գևորգ Ալաջաջյանի հետ մեկնել է ԱՄՆ: Ընտանյոք բնակվում են  Կալիֆորնիայի նահանգի Ֆրիմոնտ քաղաքում: Նրա գրչին են պատկանում «Քաջ Նազարի թոռները», «Վաղը ուշ կլինի» (2019թ.) և «Չինացին էլ լա՛վ հայ կդառնա» (2021թ.) պիեսները: Հունիսի 4-ին և 5-ին Թբիլիսիի Պ․Ադամյանի անվ․ Հայկական պետական դրամատիկական թատրոնում և Շոթա Ռուսթավելու անվ․ ժողովրդական թատրոնում կայանալու է իր հեղինակած «Ապրի՛ր, քանի դեռ ապրում ես» պիեսի առաջնախաղերը։ Նրա  թատերգություններից բեմադրվել են նաև ԱՄՆ հայկական թատրոններում: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական աշխատություններ: Հատկանշական են ամերիկահայ բանաստեղծ Զարեհ Մելքոնյանի պոեզիային նվիրված ծավալուն հոդվածները, «Խոհեր Ազար Նաֆիսիի «Լոլիտան» ընթերցելը Թեհրանում»» էսսեն, բազմաթիվ հրապարակախոսական-խոհափիլիսոփայական զրույցներ: Անգլերենից թարգմանել և հայ ընթերցողին է ներկայացրել Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»» (2015թ.), Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորվածը» թատերգությունները: Թարգմանել է արժեքավոր գրքեր. Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» (2013թ.), Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (2015թ.), Րիք Րիորդանի «Մագնուս Չեյսը» և «Ասգարդի աստվածները» շարքի «Ամառային սուրը» (2019թ.) վեպերը, Նոբելյան մրցանակակիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» (2017 թ.) պատմվածքների ժողովածուն: Ֆրիմոնտում ամուսնու հետ հիմնադրել է «Արձագանք» բարեգործական ընկերությունը: Ավանդական են դարձել Հայաստանում նրա կազմակերպած պատմվածքների ամենամյա մանկապատանեկան մրցույթները: Երևանում հիմնադրել է «Արձագանք» գրական-մշակութային հանդեսը, որտեղ զետեղվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքի ժամանակակից գրականության և մշակութային ոլորտի մի շարք հեղինակների ստեղծագործություններից:        

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]