Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս 6» փառատոնի արդյունքները. այն փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր

Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս 6» փառատոնի արդյունքները. այն 
փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի համանախագահությամբ Կառավարությունում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Starmus F VI. 50  տարի  Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Նիստում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի արդյունքները։

Նիստին մասնակցել են «Սթարմուս»-ի միջազգային և հայաստանյան գրասենյակների,  ինչպես նաև հայաստանյան պետական և մասնավոր  գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, «Սթարմուս»-ի խորհրդի անդամները՝ փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ, ներկայացրել են փառատոնի հիմնական ձեռքբերումները: Մասնավորապես, նշվել է, որ կազմակերպվել է շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով, անցկացվել են միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ 3  համերգներ, շուրջ 100 դասախոսություն է կայացել 8 բուհում, այլ կրթական հաստատություններում, բաց տարածքներում՝ Երևանի ու մարզերի սովորողների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների մասնակցությամբ։ Փառատոնի մասին հաղորդագրություններ են տարածվել միջազգային մամուլում։ Հաշվի առնելով այս արդյունքները՝ հանձնաժողովն արձանագրել է բարձր կատարողական՝ ի դեմս «Սթարմուս»-ի տնօրեն Գարիկ Իսրայելյանի։ Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ տարբեր չափանիշներով, այդ թվում՝ մասշտաբայնությամբ Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր։

«Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ  «Սթարմուս 6-ը» Հայաստանում վերջին 30 տարում կազմակերպված առաջին գիտական փառատոնն էր, որով հանրայնացվել է հատկապես երիտասարդության շրջանում նման բովանդակության նկատմամբ առկա մեծ պահանջարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ և կարևորել փառատոնի դերը՝ ինչպես Հայաստանում գիտության հանրահռչակման, այնպես էլ աշխարհում Հայաստանի՝ որպես գիտակրթական և մշակութային հանգույցի ներկայացման առումով։ ԱԺ փոխխոսնակը նշել է միջազգային հարթակներում Հայաստանը՝ որպես գիտական միջազգային փառատոնների անցկացման երկիր դիրքավորելու կարևորությունը, իսկ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Սթարմուս 6»-ը երկարաժամկետ և կարևոր ազդեցություն կունենա հանրային կյանքում և հատկապես երիտասարդության շրջանում։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումների իրականացմանն ու հանրայնացմանը նպաստող միջազգային մակարդակի գիտակրթական, մշակութային միջոցառումները լինելու են շարունակական։

Նշվում է, որ նիստում կարևորվել է նաև փառատոնի շրջանակում մեր երկիր այցելած գիտնականների  և մշակութային գործիչների ներուժի իրացումը, ինչը կնպաստի ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանը նշված ոլորտներում։

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ գործակալությունն առանձին խորագրով լայնորեն լուսաբանել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]